Մատչելիության հղումներ

Բաքուն յուրովի է մեկնաբանում ԱԽ-ների նիստը և Փաշինյանի հայտարարությունները Ստեփանակերտում


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Եթե Հայաստանը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ուրեմն՝ չկա անհրաժեշտություն բանակցություններում ներգրավելու Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին: Այսպիսի հայտարարություն է արել երեկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Երեկ Ստեփանակերտում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն տեսակետը, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում:

Փաշինյանի այս հայտարարությունը հնչում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հորդորից անմիջապես հետո:

Համանախագահներն իրենց վերջին հայտարարությունում մասնավորապես կոչ են արել զերծ մնալ «հայտարարություններից և գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն»:

Պաշտոնական Բաքուն՝ ի դեմս արտգործնախարարության խոսնակի, ըստ էության, խեղաթյուրել է Հայաստանի վարչապետի խոսքերը:

«Բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ», - երեկ հայտարարել է Փաշինյանը:

Աբդուլաևան յուրովի է այս խոսքերը մեկնաբանել՝ ասելով․ - «Հայաստանի վարչապետը վերջ է դրել բառախաղին՝ բարձրաձայնելով Ղարաբաղի հայության գաղափարը, ասելով, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե ժողովուրդ են, այլ՝ հայ համայնք»:

Երեկ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ներկայացված սկզբունքներին և տարրերին՝ հայտարարելով, որ առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի «այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե ամեն ինչ առանց այդ էլ պարզ է ու հավելյալ բացատրության կարիք չկա, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող քննարկման լինել, երեկ հայտարարել է Լեյլա Աբդուլաևան:

Եվ ևս մի հարցի մասին, որն առնչվում է ղարաբաղյան խնդրին: Երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը (ԱԳ) մեկնաբանություն է հրապարակել իր պաշտոնական կայքէջում, որում ասված է. - «Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չկարգավորված լինելու պատրվակով, թույլ չի տալիս, որ հայկական ծագում ունեցող մարդիկ, անկախ քաղաքացիությունից, մուտք գործեն Ադրբեջան՝ բացատրելով այն հանգամանքով, թե իբր չեն կարող ապահովել նրանց անվտանգությունը»։

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր մեկնաբանությունում շեշտում է, որ ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն առ այն, որ անթույլատրելի է խտրականությունը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նրանց էթնիկ պատկանելիության պատճառով, անտեսվում են։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը կոչ է անում իր քաղաքացիներին հաշվի առնել վերը նշված հանգամանքներն ու ռիսկերը Ադրբեջան այցելություն ծրագրելիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG