Մատչելիության հղումներ

«Փաշինյանին հաջողություն մաղթենք բանակցություններում, մենք էլ զենքներս ձեռքներիս պահենք». Զաքարյան


Արտակ Զաքարյան, արխիվ

«Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս ձեռքներիս պահենք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ Արցախում՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Ղարաբաղի հարցով հայտարարություններին։

Զաքարյանը գրել է, որ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները:

Այն, ըստ նախկին փոխնախարարի, կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ նաև ադրբեջանցիների համար:

«Ի՞նչ է փաստացի ասում Հայաստանի վարչապետը, նախ, նշում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ առանցքային հանգամանք է: Համաձայնվելով Փաշինյանի հետ նշեմ, որ իրականում այս մոտեցումը կարևոր հանգամանք է և առավել քան ակնհայտ է: Բանակցությունները կարող են լիարժեք և արդյունավետ լինել, երբ Արցախը ևս, որպես լիիրավ կողմ կմասնակցի դրանց: Հայկական կողմն անընդհատ պնդել է, որ որևէ տարբերակ ընդունելի լինել չի կարող, եթե Արցախը որոշիչ մասնակցություն չունենա բանակցային գործընթացում: Եթե մեր իշխանությունները հենց հիմա են ուզում Արցախին ներգրավել, ապա նախ անհրաժեշտ է դիվանագիտական ու քաղաքական խողովակներով համոզել պաշտոնական Մոսկվային, Փարիզին և Վաշինգտոնին ընդունել այս մոտեցումը և դրանով հանդերձ համոզել կամ նույնիսկ պարտադրել Ադրբեջանին, որպեսզի վերջինս կարգավորման տարբերակների շուրջ բանակցի նաև Արցախի իշխանությունների հետ: Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանի կառավարությանն իրականացնել դա, թե՞՝ ոչ, դեռևս հարց է: Իսկ կընդունի՞ այս մոտեցումը Ադրբեջանը, թե՞՝ ոչ, էլ ավելի մեծ հարց է: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե կողմերից ո՞վ, ինչպիսի՞ վերաբերմունք կունենա, Արցախի մասնակցությանը այս փուլում՝ այդ հարցը միշտ անհրաժեշտ է բարձրացնել՝ առանց ապակառուցողականության դաշտ մտնելու», - մասնավորապես գրել է Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG