Մատչելիության հղումներ

Զիզուն «Ռեալ»-ում լիակատար իշխանություն է պահանջում


Զինեդին Զիդան, արխիվ
Զինեդին Զիդան, արխիվ

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող և մարզիչ, Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականին աշխարհի չեմպիոնի տիտղոսը վաստակած Զինեդին Զիդանը համաձայնել է վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք և ստանձնել «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Անցած մրցաշրջանում «Ռեալ»-ը Զիդանի գլխավորությամբ նվաճել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը՝ Հին աշխարհամասի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը: Ընդ որում՝ դա երրորդ անընդմեջ հաղթանակն էր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Ի դեպ, Մադրիդի թիմի կազմում Զիդանը 2002 թվականին նաև որպես խաղացող է արժանացել Չեմպիոնների գավաթին:

Անցյալ տարվա փառահեղ հաղթանակից հետո նա, շատերի համար անսպասելի, հայտարարել է թիմից հեռանալու մասին:

Դրանից հետո թիմից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուն, և «Ռեալ»-ը սկսել է պարտվել․ գործնականում արդեն հասկանալի է, որ իսպանական բարձրագույն խմբի՝ La Liga-ի չեմպիոն չի դառնա, դուրս է մնացել իսպանական գավաթից, և ամենացավալին՝ պարտվել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

«Ռեալ»-ի ղեկավարությունը 2018-ին նախ պաշտոնանկ է արել Յուլեն Լոպետեգուին, իսկ օրերս էլ՝ Սանտյագո Սոլարիին:

«Ես գիտեմ, որ սա հատուկ օր է բոլորիս համար: Երջանիկ եմ, ինչպես նախագահն ասաց, ես շատ երջանիկ եմ տուն վերադառնալու համար», - նախօրեին ասել է Զիդանը՝ ստանձնելով գլխավոր մարզչի պաշտոնը:

Խոսելով 2018-ին ակումբից հեռանալու մասին, նա ասել է, թե այն ժամանակ համոզված էր, որ դա ճիշտ էր իր համար, հավելելով, թե, իր կարծիքով, նաև թիմին էր պետք մի նոր լիցք, նոր մեկնարկ:

Բայց ինչպե՞ս է «Ռեալ»-ի ամենազոր նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզել Զիզուին՝ վերադառնալ արքայական ակումբ:

Իսպանական մամուլի փոխանցմամբ, Զիդանը նախապայմաններ է ներկայացրել ակումբի ղեկավարներին:

Նախ, Զիդանը ցանկանում է, որ «Ռեալ»-ին միանան Ռոնալդուի կամ Քարիմ Բենզեմայի մակարդակի գերաստղեր: Այդպես է Զիդանը խոսել, մասնավորապես, «Չելսի»-ից Նգոլո Կանտեի ու Էդեն Ազարի և «Պարի Սեն-Ժերմեն»-ից Կիլիան Մբապեի ու Նեյմարի մասին:

Բացի այդ, Զիդանը ներկայացրել է երկրորդ նախապայմանը, ըստ որի՝ «Ռեալ»-ի մարզական կյանքին առնչվող և ոչ մի որոշում չպետք է ընդունվի ու հավանության արժանանա առանց մարզչի իմացության:

Բավարարվել է նաև երրորդ պահանջը՝ «Ռեալ»-ի ղեկավարությունը բարձրացրել է Զիդանի աշխատավարձը:

Ի դեպ, անցյալ տարի Զիդանը նույնիսկ չի հայտնվել ամենաբարձր վարձատրվող մարզիչների առաջին տասնյակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG