Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան․ Հայաստանն առաջին հերթին առաջնորդվում է իր անվտանգության շահերով


«Ազատություն»-ը հյուրընկալել է ՆԱՏՕ-ում հայաստանյան առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանին:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, նույնիսկ նախկին իշխանություններն ասում էին, որ ՆԱՏՕ-ին Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է: Օրինակ, Սերժ Սարգսյանը ասում էր, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգության չորս կարևոր բաղադրիչներից մեկն է: Ինչպիսի՞ կարևորություն ունի ՆԱՏՕ-ն, մեր այս նոր կառավարությունը ինչպե՞ս է դիտարկում՝ ավելի խորացնելու հարաբերություններն, ավելի սերտացնելու․․․ կամ հակառակը:

Հովհաննիսյան․ - Վարչապետի մակարդակով, արտաքին գործերի նախարարի մակարդակով բազմիցս նշվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ: Եվ այդ գերակայությունները միտված են նախևառաջ Հայաստանի արտաքին իմիջի բարձրացմանը, անվտանգության համակարգի ամրապնդմանը: Այստեղ որևիցե փոփոխություն չի նախատեսվում: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև այլ անվտանգային կառույցների հետ համագործակցությունը մտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունների մեջ, և Հայաստանը զարգացնում է և զարգացնելու է այդ հարաբերությունները: Քանի որ Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները տեղավորվում են այդ բազմաշերտ անվտանգության ոլորտում, և տարբեր կառույցների հետ համագործակցությունը․․․ Գիտեք, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից է և միաժամանակ Հայաստանը զարգացնում է հարաբերություններ ՆԱՏՕ-ի նման կառույցի հետ, ինչպես նաև այլ կառույցների հետ: Հայաստանը նաև, լինելով Եվրասիական տնտեսական կառույցի մեջ, միաժամանակ զարգացնում է նաև Եվրամիության հետ ջերմ հարաբերություններ: Այս ամենը միտված է նախևառաջ Հայաստանի տնտեսական զարգացմանը, անվտանգության ամրապնդմանը: Եվ այդ տեսանկյունից պետք է նայել մեր հարաբերությունները: Մեկ բան հստակ է, որ Հայաստանն առաջին հերթին առաջնորդվում է իր անվտանգության շահերով:

«Ազատություն»․ - Որպես դիվանագետ և հավանաբար ռազմական գործիչ գիտակ, մեզ ի՞նչ է տալիս մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հովհաննիսյան․ - Այս հարցում ևս մենք առաջնորդվում ենք մեր ազգային անվտանգության շահերի տեսանկյունից, և առաջին հերթին մենք ինքներս ենք որոշում մեր մասնակցության ձևաչափը, մասնակցության վայրը: Մեր այդ մասնակցությունը մի քանի բաղադրիչներ ունի, և բնականաբար, դա նաև տեղավորվում է մեր Զինված ուժերի ընդհանուր տեսլականի մեջ: Այսօրվա փոփոխվող աշխարհը ենթադրում է նաև, որ, անկախ պետության մեծ կամ փոքր լինելուց, երբ որ հարցը առնչվում է միջազգային անվտանգությանը և միջազգային խաղաղության պահպանմանը, ապա բոլորիս ներդրումը արժեքավոր է: Հայաստանը նաև իր այդ քայլով ցույց է տալիս, որ երբ որ խոսքը գալիս է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանմանը, մենք մեր ներդրումը բերում ենք:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ չենք ուզում միանալ ՆԱՏՕ-ին:

Հովհաննիսյան․ - Նախևառաջ, որևիցի կառույցին միանալ կամ չմիանալը ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե անվտանգության որ կառույցի հետ է իր անվտանգությունն ավելի լիարժեք ապահովվում, որ կառույցն է իր անվտանգությանն ավելի համահունչ: Եվ դա արդեն տվյալ երկրի սուվերեն իրավունքն է, և ինքն է որոշում: Հայաստանի Հանրապետության պարագայում․․․ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է, մենք մեր անվտանգության համակարգում մեր գերակայություններն ունենք: Միևնույն ժամանակ, այդ բազմաշերտ անվտանգության համակարգը նախատեսում է համագործակցության նաև այլ կառույցների հետ: Եվ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին կարևոր տեղ է հատկացվում: Հետևաբար մեր համագործակցությունը կամ անդամակցությունը որևիցե կառույցի հետ նախևառաջ պետք է բխի մեր անվտանգության շահերից: Եվ այսօր մեր ազգային անվտանգության շահերն են թելադրում, թե մենք ինչպիսի քաղաքականություն վարենք, որ կառույցի հետ համագործակցությունը ինչ աստիճանի վրա պահենք, որ ձևաչափով․․․ Հետևաբար, մեր համագործակցությունը, մեր անդամակցությունը յուրաքանչյուր կառույցի, դա կլինի անվտանգային թե՝ տնտեսական ոլորտի, նախևառաջ մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերով:

Վերջին տարիներին Հայաստանի խաղաղապահ աշխարհագրությունը բավականին փոխվել է՝ Կոսովո, Աֆղանստան, մենք նաև այսօր Լիբանանում, ՄԱԿ-ի հովանու ներքո, ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը մասնակցում են մեր խաղաղապահները։ Մենք նաև մեկ խաղաղապահ ունենք՝ սպա, գտնվում է Մալիում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությամբ։

«Ազատություն». - Իսկ Լիբանանում ունե՞նք։

Հովհաննիսյան. - Այո՛, Լիբանանում մենք ունենք խաղաղապահ կոնտինգենտ, որն իտալական հրամանատարությանն է, ՄԱԿ-ի հովանու ներքո։

«Ազատություն». - Այնտեղ քանի՞ զինվոր ունենք։

Հովհաննիսյան. - Այնտեղ ունենք 32 խաղաղապահ և մեկ սպա։

«Ազատություն». - Անդրադառնանք Սիրիային, այնտեղ արդեն մենք ունենք սակրավորների և բժիշկների ջոկատ, ավելի քան 80 հոգի, ինչպե՞ս դա ընկալվեց ՆԱՏՕ-ում։

Հովհաննիսյան. - Հայաստանի Հանրապետության և՛ արտաքին գործերի նախարարը, և՛ պաշտպանության նախարարն առիթ ունեցել են այս հարցի մասին ներկայացնել մեր դիրքորոշումը, մեր մեկնաբանություններն ու հիմնավորումները։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին՝ ՆԱՏՕ-ն, որպես կառույց, ներգրավված չէ սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը և, բնականաբար, երբ որ մենք ասում ենք քաղաքական երկխոսություն, այդ քաղաքական երկխոսությունը նշանակում է նաև, որ մենք մեր գործընկերների հետ ներկայացնում ենք մեր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունները և երկխոսության միջոցով, եթե պետք են հիմնավորումներ, դա մեր քաղաքական երկխոսության մեջ է մտնում։

«Ազատություն». - Իրենք որևէ հայտարարություն չե՞ն արել։

Հովհաննիսյան. - Դուք տեսե՞լ եք։

«Ազատություն». - Ո՛չ, ես չեմ տեսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG