Մատչելիության հղումներ

Կինոգործիչների միությունն և Թատրոնի ու կինոյի ինստիտուտը կհամագործակցեն


Հուշագիրը ստորագրում են Հարություն Խաչատրյանը և Լիլիթ Արզումանյանը:

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն և Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն այսօր ստորագրեցին  «Համագործակցության հուշագիր»:

Դիմելով հուշագրի ստորագրմանը ներկա ուսանողներին՝ Հարություն Խաչատրյանը կոչ արեց ակտիվորեն օգտվել միության ընձեռած հնարավորություններից՝ իրենց ֆիլմերը ցուցադրել միության դահլիճներում և ազատ ու անկաշկանդ շփվել միության անդամների, ավագ սերնդի կինոգործիչների հետ՝ շեշտելով, որ իրենց այս մտահաղացումն, իհարկե, հայ կինոյի հանդեպ ունեցած անհանգստության պատճառով է:

«Հույս ունեմ, որ ձեր դասախոսների հետ կորոշեք նաև, թե ինչպիսի վարպետների հրավիրենք աշխարհի տարբեր անկյուններից, որպեսզի դուք ստանալ վարպետության դասեր կամ ձեր հարցերի պատասխանները: Նույնը կանենք նաև ձեր դասախոսների հետ, կամ մեր երկրում ապրող կինեմատոգրաֆիստների հետ, որոնք նկարել են լավագույն ֆիլմերը հայկական կինոյի: Միայն խնդրում եմ ձեր ակտիվությունը, ձեր ներկայությունը: Եթե դուք չգաք, չմասնակցեք, չօգտվեք էս ամեն ինչից, ձեր ցուցադրությունները չանեք մեր դահլիճում, մեր երազանքից և ցանկությունից բան չի ստացվի», - հավելեց Հարություն Խաչատրյանը:

Թատրոնի և կինեյի ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասաց, որ բարձր է գնահատում Կինոգործիչների միության նախագահի այս նախաձեռնությունը․ - «Իրականում բուհը դրա կարիքը շատ ունի: Որովհետև մենք շենքային բավական անհաջող պայմաններում ենք, և էն շքեղ տարածքի դռները, որ պարոն Խաչատրյանը բաց է անում մեր ուսանողության համար, դա արդեն անգնահատելի լավություն է: Ես դա ընկալում եմ ոչ միայն բարի կամքի ցանկություն, այլ նաև՝ օգնության ձեռք ուսանողներին»:

Հուշագրի ստորագրմանը ներկա ավագ սերնդի կինոգործիչները շեշտեցին, որ սովորելու, աշխուժորեն համագործակցելու պիտի պատրաստ լինեն և ցանկություն պիտի ունենան ուսանողները, որոնք իրենց նախնական քայլերն են կինոյի ոլորտում: Գաղտնիք չէ, սակայն, որ բուհում տարիներ շարունակ ամենատարբեր խնդիրներ են կուտակվել՝ կապված որակյալ մասնագիտական կրթություն ստանալու հետ: Այդ մասին բազմից խոսել են բուհի ուսանողներն ու շրջանավարտները:

«Ազատությունը» Լիլիթ Արզումանյանից ու Հարություն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե կինոյի ոլորտի կրթական համակարգում ինչ բացեր կառանձնացնեն և ինչ բարեփոխումներ կարելի է ակնկալել այս առումով:

Լիլիթ Արզումանյան․ - «Բացեր, իհարկե, շատ կան: Մենք ունենք շենքային վատ պայմաններ, ունենք տեխնիկայի պահանջ: Դա շատ մեծ պրոբլեմ է մանավանդ կինոյի ֆակուլտետի համար, որովհետև էսօր ինձ համար անընդունելի ա, երբ ուսանողները վարձակալում են տեխնիկա, երբ որ մենք ինչ-որ տեղ պարտավոր ենք այդ տեխնիկան ինքներս ապահովել: Բավական բարդություններ կան և թվում են անլուծելի: Որովհետև պետությունը էդ հնարավորությունը ոնց որ թե մեզ չի տալիս, այդ ճանապարհները մենք ինքներս պետք է հարթենք: Բայց ամենակարևորը ինձ համար, թող ինձ ներեն․․․ բարեխղճության պակաս կա: Ես աամենատարրական բարեխղճության կարիքն եմ զգում: Եթե մենք ուզում ենք ինչ-որ բացեր լրացնենք կրթական համակարգում, մենք իրավունք չունենք էդ վերաբերմունքով մտնենք բուհ: Ե՛վ ուսանողների կողմից կա այդ անբարեխղճությունն ու անպարտաճանաչությունը, և՛ դասախոսների կողմից»:

Հարություն Խաչատրյան․ - «Որպես պատվավոր պրոֆեսոր ձեր ինստիտուտի․․․ ես շատ շուտ դուրս եկա էդ ինստիտուտից: Որովհետև շատ զարմանալի սխալներ կան ամբողջ ծրագրի մեջ․ մասնագիտությունը քիչ է, մասնագետներին քիչ են վճարում, տեխնիկա չկա․․․ Դա կատեգորիկ ամոթ ա, որ ինստիտուտում լինի մագիստրատուրա, որտեղ չեն անցնում ռեժիսուրա: Ստիպողական ոչ մեկին հնարավոր չի դարձնել ռեժիսոր: Լավ կլինի, մեկ, երկու, երեք, հինգ, տասը նվիրյալ մարդ, քան թե հարյուր հոգի անտարբեր, չցանկացող, մեծամիտ երիտասարդ, որոնք չգիտես թե ինչ են ուզում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG