Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ այսօր մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն՝ ընդլայնված կազմով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կազմակերպաիրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր:
Կքննարկվեն 2019-ին որպես Ընտանիքի տարվա միջոցառումների, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ծրագրերը։
Ժողովին կներկայացվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը:
Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների հետ հարաբերություններին, թեմերին, հայրապետական պատվիրակություններին և հովվական առաքելությանը վերաբերող հարցեր: