Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման ձևաչափի վերաբերյալ: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ըրլ Լիցենբերգերի հետ հանդիպմանը:
«Երկրի ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում՝ նրանց դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ, Ադրբեջանը դրական է գնահատում», - ասվում է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդառաջ տարածած հայտարարությունում եռանախագահները, մասնավորապես, կողմերին հորդորել են «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»: