Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն, Ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողությունից դուրս մնալով՝ խնդիր են հենց քաղաքական իշխանության համար. Մարուքյան


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից և դառնան նախարարություններ։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Մարուքյանն ընդգծեց՝ սա կարող է բերել առողջ քաղաքական համակարգ։

«Ազատություն». - Պարոն Մարուքյան, Ձեր խմբակցությունը կառավարության կառուցվածքի այլընտրանքային իր նախագիծն է պատրաստել, այնտեղ պետական աշխատողների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞՝ ոչ, ինչո՞վ է ձերը տարբերվում։

Մարուքյան. - Ոչ կառավարության ներկայացրած նախագծից, ոչ էլ մեր առաջարկներից չի երևալու, թե որտեղ են կրճատումները։

«Ազատություն». - Ինչ-որ արտահոսք էր եղել 10 հազար հոգու կրճատման մասին։

Մարուքյան. - Կառավարության առումով՝ այո, բայց նախագծից չի դա, ներքին շրջաբերականներից է։

«Ազատություն». - Միայն արտահոսք է։

Մարուքյան. - Մենք համակարգային մոտեցում ենք ներկայացնելու, թե ինչպիսի կառավարության տեսլական ունենք, տալու ենք առաջարկների փաթեթ, այսինքն՝ որտեղ որ առաջարկելու ենք, որ այս, այս, այս նախարարություններն, օրինակ, չկրճատել, և նոր նախարարություններ ստեղծել հետևյալ անուններով, և նաև հիմնավորելու ենք, թե ինչու, հիմնավորելու ենք, թե ինչու չի կարելի կրճատել։ Օրինակ, հիմա ուսումնասիրություններ ենք իրականացնում, մենք ասում ենք, որ գյուղնախարարությունը չի կարելի կրճատել, այսինքն՝ չի կարելի միացնել այն նախարարության, որովհետև յուրաքանչյուր բնագավառ, ոլորտ ունի իր սպեցիֆիկ կառավարման տարածքը, և այն որևէ կերպ չի կարող քոփի-փեյսթով իրար կպցնել, դա չի աշխատելու, անհամատեղել է։ Առաջին գոնե մի քանի ամիսները, այն նախարարությունները, որոնք միացվելու են, ռուսերեն բառ կա, ասում է՝ отфутболивание, ինչ են անելու՝ գրությունը գալու է, ասելու են՝ «ես սրա հետ կապ չունեմ, սրան պիտի սա պատասխանի», հետո ուղարկելու են էս կողմ, հետո էն կողմ, մի վեց ամիս տարբեր փոխնախարարներ, վարչության պետեր ասելու են՝ «մենք կապ չունենք»։ Մնացած մասով Դուք գիտեք մեր մոտեցումը, որը կապված է Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի հետ։

«Ազատություն». - Որ դառնան նախարարություններ։

Մարուքյան. - Այո։

«Ազատություն». - Այստեղ թույլ տվեք վարչապետի խոսքը մեջբերել, Դուք կհակադարձեք, որ Ձեր տարբերակում, եթե դրանք դառնան նախարարություններ, Դուք քաղաքականացնելու եք Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը։ Կանչելու եք այս մարդկանց ամեն չորեքշաբթի Ազգային ժողով՝ հարցուպատասխանի, այսինքն՝ քաղաքական պաշտոն են դառնալու, իսկ հիմա կառավարությանն առընթեր մարմիններ են՝ բացառապես ուժային։

Մարուքյան. - Ուրեմն մենք հեծանիվ չենք հորինում նոր, ամբողջ աշխարհում նաև միջազգային փորձը կներկայացնենք, խորհրդարանական բոլոր երկրներում ուժային սեկտորը կոչվում է անվտանգության սեկտոր։ Ուժային համակարգն ամբողջական խորհրդարանական վերահսկողության ներքո է, այո, նրանք գալիս են խորհրդարան և պատասխանում են հարցուպատասխանին, խորհրդարանական նաև այլ մեխանիզմներով վերահսկողության տակ են, և քաղաքականացվելու վտանգ հիմա է ավելի շատ, քան էն ժամանակ։ Ըստ էության, նախարարը ոլորտի պատասխանատուն է, հիմա Ոստիկանության ոլորտի պատասխանատուն վարչապետն է։ Սերժ Սարգսյանենց գրած Սահմանադրությամբ, վարչապետն է Ոստիկանության մինիստրը, ԱԱԾ-ի մինիստրը վարչապետն է, ՊԵԿ-ի մինիստրը վարչապետն է, որ վաղը, մյուս օրը ՊԵԿ-ը վատ աշխատի, վարչապետը չի կարող այդ նախարարին ազատել և ասել՝ «ինքն էր քաղաքական պատասխանատուն», որովհետև ինքն է քաղաքական պատասխանատուն, չունի էդ միջանկյալ օղակը, որը որ քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի և տվյալ պարագայում ժողովրդի առջև։ Հետևաբար, այս մարմինները, խորհրդարանական վերահսկողությունից դուրս մնալով, նաև խնդիր են հենց քաղաքական իշխանության համար նաև, և նրանք քաղաքականացնելու որևէ վտանգ չկա։ Իսկ եթե պնդում կա, որ քաղաքականացվում է, ի՞նչ է նշանակում, որ հիմա ԱԱԾ-ի պետի, ոստիկանապետի նշանակումները եղան հեղափոխությունից հետո, եթե դրանք ուժային մարմիններ են և ապաքաղաքական, բա ինչի՞ եք փոխել, թող աշխատեին, էլի։

«Ազատություն». - Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ Փաշինյանն իր վերահսկողության տակից չի հանում այս մարմինները, հատկապես ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, ինչ-որ մտավախություններ ունի՞։

Մարուքյան. - Դրա հիմնավորումը պետք է ինքը տա, ես չեմ կարող ասել, մենք միասնաբար պայքարել ենք էդ մարմինները համակարգից դուրս հանելու, ես Ձեզ ասեմ՝ դա կապ չի ունեցել իշխանության որևէ ներկայացուցչի հետ, դա համակարգային մոտեցում է եղել, կապ չունի, թե ով է վարչապետը, ով ուզում է լինի, դա համակարգային մոտեցում է, որ ասում ենք՝ սա կարող է բերել առողջ քաղաքական համակարգ։

Օրերս գործադիրը հաստատեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով: Նախարարությունների թիվը կկրճատվի 5-ով՝ 17-ի փոխարեն 12 նախարարություն կլինի, փոխվարչապետի երեք պաշտոնից էլ մեկը՝ առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG