Չեչնիայի դատախազությունը պահանջել է չորս տարվա ազատազրկման դատապարտել իրավապաշտպան, «Մեմորիալ» կազմակերպության Գրոզնիի մասնաճյուղի ղեկավար Օյուբ Տիտիևին՝ թմրամիջոցներ պահելու համար:
Իրավապաշտպանը ձերբակալվել էր անցած տարվա հունվարին, ըստ քրեական գործի՝ ոստիկանները նրա մեքենայում շուրջ 200 գրամ մարիխուանա էին հայտնաբերել: Տիտիևը կտրականապես հերքում է մեղադրանքը:
Արևմտյան կառույցները ևս պնդում են, որ գործը շինծու է, և իրականում Չեչնիայի իշխանությունները սրանով փորձում են լռեցնել երկրում գործող եզակի իրավապաշտպաններին: Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ մի շարք երկրներ, ինչպես նաև Եվրախորհրդարանը դատապարտել են Տիտիևի ազատազրկումը: Հեղինակավոր Amnesty International կազմակերպությունը այսօր վերստին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին իրավապաշտպանին ազատ արձակել: