Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Քարաձոր համայնքը մնացել է առանց ղեկավարի ու ավագանու


Քարաձորի արդեն նախկին գյուղապետ Արարատ Մատինյանը:
Քարաձորի արդեն նախկին գյուղապետ Արարատ Մատինյանը:

Լոռու մարզի Քարաձոր գյուղն այսօրվանից ո՛չ համայնքի ղեկավար, ո՛չ էլ ավագանի։ Իրարից նեղացած՝ այսօր բոլորը մի-մի հրաժարականի դիմում գրեցին ու հայտարարեցին, թե չեն ուզում աշխատել։

14 տարվա գյուղապետ Արարատ Մատինյանը վերջին մեկ ամսվա ընթացքում լարված մթնոլորտում է աշխատել. ստիպված է եղել լսելու մի կողմից բնակիչների մեղադրանքները համայնքի բյուջեն անարդյունավետ ծախսելու համար, մյուս կողմից՝ մարզային իշխանությունների հանդիմանությունը հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշների համար։

Այսօր գյուղի մի խումբ բնակիչների ու ավագանու անդամների առաջ ասաց, որ գլուխը բարձր է հեռանում պաշտոնից․ - «Ես իմ որոշումը կայացրել եմ ոչ թե իմ չարածների ու եսիմ ինչ-ինչ պատճառաբանություններ եմ բռնել դրա համար: Բայց ես առանց ավագանի պըտի գայի նստեի, միայն աշխատավարձ ստանայի, ես տենց աշխատանք չեմ ուզում կատարել էս համայնքում: Խնդրում եմ քվեարկեք իմ դիմումը, հետո կքվեարկեք ձեր դիմումները»:

Քարաձորցիները, մինչդեռ, իրենց չորս անգամ ընտրված գյուղապետին առանց հարցադրումների հրաժեշտ չեն տալիս։ Պնդում են, թե նա որոշ գյուղացիների սեփական հողերը ապօրինի վաճառել է ուրիշներին, համայնքի բյուջեի հաշվին դրամական օգնություններ է տվել իր մերձավորներին, բարեգործական ծրագրերի շահառուների անարդարացի ցուցակ է կազմել։

«Ավագանին իրա իրավունքը չունի, մարդին թուղթը տանում են դնում, ասում են՝ ստեղ ստորագրի: Ստորագրում ա, բայց ինքը չգիտի ինչի դիմաց ա ստորագրել: Գյուղապետարանի դուռը էս վերջի էրկու ամիսն ա բացվել․․․ Փակ, երբ գաս օրվա ընթացքում, փակ ա», - վրդովված ասում է գյուղացիներից մեկը:

Այսօր հրաժարական ներկայացրած Արարատ Մատինյանի ընդդիմախոսներից մեկը նախկին գյուղապետ, անցած բոլոր ընտրություններին նրա հիմնական մրցակից Վալենտին Սարգսյանն է։ Նա պնդում է, թե բոլոր տեղական ու համապետական ընտրություններին մոտ 400 բնակիչ ունեցող Քարաձորում ընտրակաշառքի «քարե կանոններ» են գործել, և ոչ ոք դրա դեմն առնելու իրավունք չի ունեցել:

«Թալանելով, փող բաժանելով ընտրվել ա, հմիկ էլ գլուխը գովում ա․․․ Փող բաժանողները չկան էլ, ռիսկ չունեն փող բաժանեն», - ասաց Սարգսյանը:

«Ես պտի մտնեմ հատուկ դատարան քու զրպարտության համար», - հակադարձեց Մատինյանը:

Արդեն նախկին գյուղապետը հայտարարեց․ որ պատրաստ է օրենքի առաջ պատասխան տալ իր արածների համար, միաժամանակ չբացառեց, որ կարող է առաջիկայում դեռ հետ գալ՝ որպես համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ:

«Ես պատրաստ եմ օրենքի առաջ իմ արած, եթե ունեմ սխալ, սխալի համար պատասխան տամ», - հայտարարեց Մատինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG