Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Արցախ, որտեղ վաղը ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ կկայանա


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Արցախ: Ինչպես «Ազատությանը» հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը վաղը Արցախում մասնակցելու է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին:

Նիստին ներկա է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Օրակարգի վերաբերյալ կառավարությունից խոստացան հավելյալ տեղեկություն տարածել:

Թե ինչու է Հայաստանի վարչապետը որոշել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը անցկացնել հենց Արցախում, պարզ չէ: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատությանն» ասաց, թե երբ տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստը, իրենք մանրամասների մասին կտեղեկացնեն:

«Հանկարծ չմտածեք, որ ինչ-որ մի արտառոց երևույթ է, դրա համար գալիս է: Չէ: Սա ծրագրավորված, էսպես, աշխատանքային այց է: Որևէ արտառոց, որևէ, էսպես, ճգնաժամային խնդիրների մասին չէր լինելու այդ այցելության նպատակը», - ասաց Բաբայանը:

Բնականաբար, Հայաստանի վարչապետի Արցախ այցի ընթացքում չի շրջանցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ, ի դեպ, նրանք հորդորում են զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն: Նկատենք՝ Հայաստանի վարչապետը բազմիցս է նշել, որ չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, և որ Արցախը պետք է վերադառնա բանկցային սեղան: Ավելին, Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ջանքեր են գործադրում, որպեսզի 1994-ին արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Արցախում յուրովի են մեկնաբանում

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ

Ուշագրավ է, որ Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը յուրովի են մեկնաբանում: Մասնավորապես, ըստ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակի, համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն խոսում այն մասին, որ Ղարաբաղը չի կարող մասնակցել բանակցություններին: Ըստ Դավիթ Բաբայանի՝ համանախագահների հայտարարությունը վերաբերում է այն խնդրին, որ եռանախագահության ֆորմատը փոփոխման ենթակա չէ:

«Հետևաբար, երբ որ խոսում ենք ձևաչափի փոփոխման անթույլատրելիության մասին, մենք լրիվ համաձայն ենք: Ա՛յ, օրինակ, որ Ադրբեջանն ասում է՝ Թուրքիան պիտի լինի համանախագահող երկիր, պետք է Ֆրանսիան դուրս գա՝ դրա տեղը, չգիտեմ, այլ երկիր լինի, ա՛յ սա անընդունելի է», - ասաց արցախցի պաշտոնյան:

«Իրենք չեն ասել՝ ինչ ձևաչափի փոփոխության մասին է», - հայտարարեց Բաբայանը, «Ազատության» դիտարկմանն էլ՝ «Դուք դա հասկանում եք, որ եռանախագահողները պետք է լինեն», արձագանքելով․ - «Միմիայն, միմիայն էդպես ենք հասկանում, որովհետև այլ ձև չենք կարող հասկանալ, որովհետև դա ԵԱՀԿ-ի ընդունված որոշում է՝ ո՞նց կարող են իրենք իրենց համար պարտադիր որոշումը չեղյալ հայտարարել, էդպես չի լինում»:

«Ազատություն»․ - Ո՞րն է որոշումը, որ Ղարաբաղը մա՞ս է բանակցային գործընթացի:

Դավիթ Բաբայան․ - 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումն է, որ կա երեք կողմ:

«Ազատություն»․ - Բայց այդ ձևաչափը չի գործում վաղուց արդեն:

Բաբայան․ - Ոչ թե չի գործում իրավակա՛ն առումով, չի գործում քաղաքակա՛ն կոնյունկտուրայի պատճառով, որը սխալ է, որը, նույն իրենց ընդունված որոշման խախտում է փաստորեն:

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք այս հայտարարությունում որևէ ձևակերպում չեք տեսնում, որտեղ որ համանախագահները հորդորում են զերծ մնալ Լեռնային Ղարաբաղը բանակցային ֆորմատ վերադարձնել:

Դավիթ Բաբայան․ - Ոչ, որովհետև դա հնարավոր չէ, և իրենց հետ էլ հանդիպումների ժամանակ իրենք միշտ էլ հասկանում են և ըմբռնումով են վերաբերվում և հասկանում են, որ անհնարին է կարգավորել առանց Արցախի մասնակցության:

«Ազատություն»․ - Եվ կարծում եք, որ համանախագահները նկատի ունեն, որ եռահամանախագահությունը չի կարող փոխվել:

Բաբայան․ - Իհարկե, նաև դրա մասին իրենք բազմաթիվ հայտարարություններ են արել:

«Խոսքը այստեղ առավելապես նրա մասին է, որ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել», - կարծում են «Իմ քայլ»-ում

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նույն կերպ են ընկալել նաև Հայաստանի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում: Խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «Ազատության» հարցին ի պատասխան շեշտեց՝ համանախագահների հայտարարության մեջ «չկա որևէ դրույթ, որը խոչընդոտ է հանդիսանում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար»:

«Խոսքը այստեղ առավելապես նրա մասին է, որ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել, և այն ձևաչափը, որը ընտրվել է, այն պետք է շարունակվի», - հայտարարեց Վարդանյանը:

«Ազատություն»․ - Ձևաչափ ասելով՝ իրենց ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՞ ձևաչափը, կարծում եք, նկատի են ունեցել:

Վլադիմիր Վարդանյան․ - Ես չգիտեմ ինչ են նկատի ունեցել հայտարարության հեղինակները, բայց չի կարելի լուծել որևիցե տարածքի բնակչության հարց առանց տվյալ տարածքի բնակչության իրավունքները, կարծիքը հաշվի առնելու:

«Լուսավոր Հայաստան»-ը մտահոգիչ է համարում միջնորդների հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Մինչդեռ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը մտահոգիչ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Ի տարբերություն պաշտոնական Արցախի և Հայաստանի իշխանական «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծում է՝ համանախագահները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ բանակցային ֆորմատ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պնդի իր այդ դիրքորոշումը:

«Էնտեղ տարբեր ձևակերպումներ կան, որոնք որ, ես կարծում եմ, որ, այո, մտահոգիչ են, և առաջինը հենց այն, որ որևէ կերպ տեղ չեն ուզում թողնել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցության առումով: Այլ բան է, որ մեր մոտեցումները պետք է մենք պահենք, և մենք գտնում ենք, որ իշխանությունները, վարչապետը, արտգործնախարարը բանակցությունների ընթացքում պետք է շարունակեն պնդել», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ այս հայտարարությունը չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ դե լավ, դե չեղավ, դե լավ, դե էլ չասեք, դե որ չեք ուզում, լավ, էլ չխոսանք»:

«Ազատություն»․ - Չկա՞ վտանգ փակուղային իրավիճակի: Փաշինյանը՝ վարչապետը պնդում է, որ չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից և կարող է խոսել միայն Հայաստանի Հանրապետության անունից, իսկ համանախագահները հստակ, բաց տեքստով ասում են, որ չպետք է անել հայտարարություններ, որոնք կարող են ձևաչափի փոփոխության հանգեցնել:

Էդմոն Մարուքյան․ - Գիտե՞ք, այո, այդ հայտարարությունները կան, բայց դա չի նշանակում, որ փակուղային իրավիճակ է, որովհետև բանակցելու ենք Հայաստանի Հանրապետության անունից, և սա նշանակում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, բայց, մեծ հաշվով, դրանք պտուղ չեն տա, ինչո՞ւ՝ որովհետև պտուղ կարող էին տալ, եթե կլինեին այնպիսի բանակցություններ, որտեղ կմասնակցեին բոլոր կողմերը: Եթե Մինսկի խումբը ցանկանում է բանակցություններ, որը որ պտուղ չի տալու, դա էլ է տարբերակ միգուցե:

«Ազատություն»․ - Այսինքն՝ շատ բան չսպասե՞լ առաջիկա հանդիպումից Փաշինյան-Ալիև:

Մարուքյան․ - Ոչ, շատ բան պետք չի սպասել, պետք է սպասել միայն չսրացում և բանակցությունների շարունակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG