Մատչելիության հղումներ

Ֆեդերիկո Մոնդելչին և Սիմոնե Զանկինին Երևանում են յուրահատուկ համերգային ծրագրով


Սաքսոֆոն, արխիվ
Սաքսոֆոն, արխիվ

Այս օրերին Իտալիայից Հայաստան են ժամանել աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և անվանի ակորդեոնահար Սիմոնե Զանկինին, ովքեր այսօր՝ մարտի 9-ին, և մարտի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգան չափազանց յուրահատուկ համերգային ծրագրով:

Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ այս երեկո կայանալիք համերգի ընթացքում Ֆեդերիկո Մոնդելչիի հետ կներկայացվի «Անմոռանալի Բիթլներ» ծրագիրը, կհնչեն հանրահայտ լիվերպուլյան քառյակի լավագույն ստեղծագործությունների մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Այս երեկո կհնչեն նաև Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի հանրահայտ ստեղծագործությունները:

Դե իսկ դեկտեմբերի 13-ին Պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա ակորդեոնահար Սիմոնե Զանկինին: Կհնչեն Բախի, Պիացոլլայի, Գալիանոյի և այլոց ստեղծագործությունները: Այս համերգը կղեկավարի Ֆեդերիկո Մոնդելչին, նաև հանդես կգա որպես մենակատար:

Սիմոնե Զանկինին առաջին անգամ է Հայաստանում, իսկ Ֆեդերիկո Մոնդելչին վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ մի քանի անգամ Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով հանդես է եկել նվագախմբի հետ և համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր, որ Հայաստանում շատ բարձր մակարդակի երաժշտասեր հանրություն կա:

«Մաեստրո Վահան Մարտիրոսյանի հետ միասին պատրաստվում ենք Սիմոնեին ներկայացնել Երևանի երաժշտասեր հանրությանը», - ասում էր Մոնդելչին։

«Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան, որը շատ գեղեցիկ երկիր է, որը ես շատ եմ սիրում։ Այս անգամ եկել եմ Հայաստան իմ ընկերներից Սիմոնե Զանկինիի հետ, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում միասին՝ սաքսոֆոն և ակորդեոն համադրությամբ», - նշեց Մոնդելչին։

Սիմոնե Զանկինին էլ շեշտում էր, որ չափազանց հետաքրքրված է երևանյան այս հյուրախաղերով, քանի որ իր ընկերը՝ Ֆեդերիկոն բազմից է պատմել իրեն Հայաստանի մասին, և ինքն էլ շատ է սիրում հայ կոմպոզիտորներին:

«Շատ մեծ հետաքրքրությամբ եմ նվագելու, զգալու այն ամենը, ինչ կատարվելու է, և ինձ ասել են, որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ուզում եմ տեսնել», - ընդգծեց Զանկինին։

Հայաստանի Պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Ղազարյանն էլ շեշտում է, որ այս համերգները նվիրված են կանանց և աղջիկների տոներին:

Պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, հայտնի դաշնակահար Վահան Մարտիրոսյանն էլ հավելում է, որ մեր երաժշտասերները ծանոթ են իրենց ամենատարբեր նախագծերին։

«Այս անգամ վերցրել ենք այդ պրոյեկտներից լավագույն կտորները և կազմել ենք մի համերգ, որ ստացվի այնպես, որ հնչեն և՛ կինոյի երաժշտություն, և՛ «Բիթլզ»-ի երաժշտություն, և՛ հայկական երաժշտություն», - ասաց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG