Մատչելիության հղումներ

Մարտի 8-ին կանայք նաև բողոքի ցույցեր են անցկացրել


Կանանց ցույց Բիշքեկում: 8-ը մարտի, 2019 թ․
Կանանց ցույց Բիշքեկում: 8-ը մարտի, 2019 թ․

Ադրբեջանում ընտանեկան բռնության դեմ բողոքող կանայք ոստիկանական բռնությունների զոհ են դարձել, երբ փորձել են բողոքի ցույց անցկացնել Բաքվում:

Ակցիան նախատեսված էր «Ազատ կնոջը» նվիրված հուշարձանի մոտ, ոստիկանները, սակայն դեռ կեսօրից շրջապատել են տարածքն ու բռնի ուժով հեռացրել ցուցարարներին, որոնց թվում էր նաև հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան:

Ոստիկանական մահակներից բացի, կանանց դեմ նաև սադրանքներ են կիրառվել․ տեղի անկախ լրագրողների հաղորդմամբ, մի խումբ սադրիչներ վիրավորել ու անվանարկել են ակտիվիստներին:

«Մենք կարծում էինք, որ ընդամենը 5-10 կանայք կգան ցույցի, բայց մասնակիցների թիվը տասնյակների է հասնում: Կարծում եմ, մենք հաջողության հասանք: Թեև թույլ չտվեցին ակցիա անցկացնել, բայց մենք գոնե կարողացանք լսելի դարձնել մեր ձայները և ցույց տալ մեր ուժը», - ասել է կազմակերպիչներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը:

Ակտիվիստների տվյալներով, Ադրբեջանում ամեն տարի 100 կին է մահանում ընտանեկան բռնության հետևանքով:

Ղրղըզստանի մայրաքաղաքում կայանք ցույցի են դուրս եկել «Ոչ թե 8 այլ 365» կարգախոսով՝ կոչ անելով տղամարդկանց իրենց մասին հիշել տարվա բոլոր օրերին:

Ոստիկանները նախ փորձել են խոչընդոտել երթը, սակայն ի վերջո տեղի են տվել և ուղեկցել կանանց ողջ երթի ընթացքում: Ցուցարարների պահանջը նույնն էր՝ հավասար իրավունքներ աշխատավայրում ու տանը:

«Ձեր նվիրած ծաղիկները բավարար չեն, մեզ մի ստիպեք տասը երեխա ծննդաբերել», - վանկարկել են ակտիվիստները:

Իսպանիայում բողոքի ցույցերը կեսգիշերից են սկսվել՝ կաթսաների զրնգոցով, կանանց երթով ու գործադուլով: «Եթե մենք չաշխատենք, աշխարհը կանգ կառնի», - վանկարկել են ցուցարարները, որ փողոց էին դուրս եկել հանուն իրավունքների հավասարության ու պաշտպանության:

Ռուսաստանում տոնը նշել են ամենաբարձր մակարդակով՝ շնորհավորանքները հնչել են տիեզերքից ու Կրեմլից: Առավոտից Կարմիր հրապարակում կանանց նվիված ծաղկեփնջեր են դրվել, երեկոյան էլ նախագահ Պուտինն է հանդես եկել ուղերձով ու պնդել, թե չի արող պատկերացնել երկրի զարգացումն առանց ռուս կանանց:

«Դուք այլևս ի զորու եք ամեն ինչ անել», - ասել է Վլադիմկր Վլադմիրովիչը, ով ամիսներ առաջ չէր բացառել, որ կարող է երկրորդ անգամ ամուսնանալ․ - «հաջողության հասնելը մեր կանանց բնավորության մեջ է: Դուք ամեն ինչ եք հասցնում թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, և դրա հետ մեկտեղ մնում եք հիասքանչ»:

Իսկ ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիզերքից է շնորհավորել կանանց տոնը՝ պնդելով, թե հենց նրանց սերն է տղամարդկանց ստիպում ամեն օր ավելի ու ավելի վեր բարձրանալ:

Հնդկաստանում կանայք որոշել են տղամարդկանց հետ հավասարությունն ապացուցել բառի բուն իմաստով: Նյու Դելիում այսօր գեղեցիկ սեռի մի խումբ ներկայացուցիչներ իրենց ուժերն են չափել բազկամարտում, որով, որպես կանոն, տղամարդիկ են զբաղվում: Սպորտաձևի կին սիրահարները պնդել են՝ հիմա արդեն ոչ միայն առավել վստահ են իրենց ուժերին, այլև պատրաստ ցանկացած պահի դիմել ինքնապաշտպանության:

16 միլիոն բնակիչ ունեցող Նյու Դելին հայտնի է կանանց նկատմամբ հարձակումների բարձր ցուցանիշով:

Խորհդանշանան այս օրը աշխարհի թերևս ամենահայտնի տիկիկը՝ Բարբին դարձել է 60 տարեկան: Անցած տասնամյակներում հանուն իրավահավասարության կանանց պայքարին զուգահեռ, տիկնիկը ձևափոխվել է, դարձել է տիեզերագնաց, գործարար ու գիտնական՝ փոքրուց ներշնչելու, որ կանայք կարո՛ղ ենք ընտրություն անել, փոխել աշխարհն ու հասնել հաջողության:

Խաղալիքներից հեռու՝ իրական կյանքում, սակայն, պատկերը շարունակում է մտահոգիչ մնալ, հայտարարում է Աշխատանքի միջազգային կազմակերությունը: Կառույցի այսօր հրապարակած զեկույցը փաստում է, որ աշխատամնքի միջազգային շուկայում կանայք շարունակում են զիջել տեղերը: Անցած տարի, մասնավորապես, համաշխարհային մակարդակով աշխատել է տղամարդկանց 71, կանանց՝ 45 տոկոսը:

«Ցավոք կանայք դեռ ընկալվում են որպես խնամատարներ, որոնց հիմնական խնդիրն է հոգ տանել ուրիշների մասին», - փաստում է միաջզգային կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG