Մատչելիության հղումներ

Կանանց պիտի սիրել, գնահատել, կարևորել տարվա բոլոր 365 օրերին. Նաիրա Զոհրաբյան


«Մարտի 8-ը ընդհանրապես կհռչակեի կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր: Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

«Ազատություն». - Այսօր ընդունո՞ւմ եք շնորհավորանքներ, թե՞ մարտի 8-ը բացառապես կանանց իրավունքների պաշտպանության կոնտեքստում եք ընկալում։

Նաիրա Զոհրաբյան. - Չեմ կարծում, որ կանանց շնորհավորելու, կանանց գնահատելու, կանանց սիրելու համար պետք է հատուկ օր ընտրել, և եթե ինձ մնար, մարտի 8-ը ընդհանրապես կհռչակեի կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր, ինչո՞ւ՝ որովհետև ես կարծում եմ, որ կանանց պիտի սիրել, գնահատել, կարևորել տարվա բոլոր 365 օրերին։ Երբ որ առանձնացվում է մեկ օր և էդ մեկ օրը ինչ-որ ֆետիշ է դառնում..... ես առավոտից սարսափի մեջ եմ էդ Messenger-ից եկող բանտիկներից, փուչիկներից, սրտիկներից և այլն։

«Ազատություն». - Դուք այսօր ընդունո՞ւմ եք շնորհավորանքներ։

Զոհրաբյան. - Դե եթե շնորհավորում եք, ընդունում եմ, բաց եթե ինձ հարցնում եք՝ «դա Դուք համարո՞ւմ եք տոն, թե՞ ոչ», ես ասում եմ՝ ոչ, որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուր օր կնոջ համար պիտի լինի տոն, ի վերջո՝ կնոջը, իմ կարծիքով, պիտի ընդունել, սիրել այնպիսին, ինչպիսին կինը կա, իր բոլոր թերություններով հանդերձ։ Ռուս հայտնի դերասաններից մեկը, չեմ հիշում ով, մի շատ լավ միտք էր ասել, ասել էր՝ «կանանց պետք է սիրել, միայն սիրել, իսկ եթե ուզում եք ինչ-որ մեկին դաստիարակել՝ շնիկ պահեք»։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, Դուք հիմա նաև ի պաշտոնե եք կանանց իրավունքները պաշտպանում, որովհետև խորհրդարանի Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովն եք գլխավորում, բայց էս դեպքում նաև կնոջ իրավունք առանձնացնելն էլ ինքնին խտրակա՞ն չէ, բա ո՞րն է կնոջ իրավունքը։

Զոհրաբյան. - Կնոջ իրավունքը նույնքան իրավունք է, որքան տղամարդու իրավունքը, և ես ասեմ՝ մեր հանձնաժողովը պաշտպանում է ինչպես կնոջ, ինչպես տղամարդու, այնպես էլ երեխաների իրավունքը։ Հանձնաժողով դիմել էր մի տղամարդ Արմավիրի մարզից, որը բռնության է ենթարկվում ամեն օր իր կնոջ կողմից, և առաջիկայում մենք այդ տղամարդուն կհրավիրենք հանձնաժողով, և ինքը պատրաստ է պատմելու իր կյանքի պատմությունը, թե ինչպես է բռնության ենթարկվում իր տանը սեփական կնոջ կողմից։ Իսկ որ մեր երկրում կնոջ իրավունքը շատ դեպքերում ոտնահարված է, և ես նկատի ունեմ հատկապես ընտանեկան բռնությունը, դա միանշանակ է։

«Ազատություն». - Տիկին Զոհրաբյան, Դուք նաև գործի բերումով ճամփորդում եք՝ ինչո՞ւ են հայաստանցի կանայք այդքան կենցաղից կառչած, կքած այդ բեռի տակ՝ տնային գործեր, ճաշ եփել, կարծես ուրիշ բան էս աշխարհում չկա։ Նկատե՞լ եք նման բան։

Զոհրաբյան. - Այո, իհարկե, որովհետև, ցավոք սրտի, մեր կանայք չեն կարողանում իրենք իրենց սիրել։ Եթե դու ինքդ քեզ չես սիրում, եթե դու ինքդ քեզ չես գնահատում, եթե դու ինքդ շատ օբյեկտիվ չես կարողանում քեզ նայել, տեսնել քո առավելությունները, տեսնել քո թերությունները և աշխատել այդ թերությունների վրա, դու անընդհատ կքած ես մնում կենցաղին, որը հարմար է, որը հեշտ է, որը դյուրամարս է։ Ես տանը, իհարկե, անում եմ [տնային գործեր], բայց դա չի խանգարում ինձ գնահատելու ինձ, կարևորելու ինձ, որովհետև եթե դու ինքդ քեզ չես հարգում, պահանջել հարգանք դիմացինից՝ դա անիմաստ է։ Ես կարողացել եմ իմ կյանքում հաղթահարել երեք «չէ»-ի սկզբունքը, որ պետք է հաղթահարի յուրաքանչյուր կին՝ չվախենալ, չնախանձել, չափսոսալ։

«Ազատություն». - Հիմա Հայաստանում կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ փորձում են օրենքով կարգավորել, հիմա ամեն չորրորդ, հետագայում՝ ամեն երրորդ կինը պարտադիր որ պետք է պատգամավոր լինի, բայց իմ տպավորությամբ՝ փորձը ցույց է տվել, որ քաղաքական ուժերը գնում են այստեղից-այնտեղից ինչ-որ ակտիվ կանանց գտնում են, որ այդ պահանջը կատարեն։ Սա նպաստո՞ւմ է, որ ներգրավվեն կանայք։

Զոհրաբյան. - Ես ընդհանրապես էդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին դեմ եմ եղել, իհարկե, ինչ-որ տեղ դա համարելով այս փուլում Հայաստանի համար ոչ թե պարտադիր, այլ պարտադրված միջոց։ Լինենք անկեղծ՝ եթե քվոտա է դրված, որ ամեն չորրորդը պիտի լինի կին, և կուսակցությունը ընկնում է էստեղից-էնտեղից գտնում է կանանց, որոնց ինչ-որ մի մասը խորհրդարանում չգիտի ինչ անի․․․ Ես չեմ հավատում էն թեզին, որ եթե մարդը ի վերուստ տրված չէ իրեն զբաղվելու քաղաքականությամբ, ասում են՝ «ոչինչ, կնստի էդ աթոռին, կսովորի», ո՛չ, չի սովորի, որովհետև քաղաքականությունը նաև մասնագիտություն է։

«Ազատություն». - Սեռով պայմանավորված հղիության ընդհատումը մնում է օրակարգում, շատ է խոսվել այս մասին, Դուք կարո՞ղ եք ինչ-որ բան ասել հիմա աղջիկ երեխայի սպասող մայրերին։

Զոհրաբյան. - Ես էնքան անհարմար զգացի՝ որպես Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, երբ երեք տարի առաջ Ստրասբուգում այդ հարցը քննարկվում էր, և Հայաստանը այն մի քանի երկրների շարքում էր, որտեղ սեռով պայմանավորված հղիության ընդհատում են անում։ Հիմա որոշակի պոզիտիվ դինամիկա ունենք էդ հարցում, բայց որ ասենք մենք էդ պրոբլեմը ամբողջապես հաղթահարել ենք, ես կարծում եմ՝ պրոբլեմը տեղափոխվել է լատենտ դաշտ՝ չերևացող դաշտ։ Այո, այսօր էլ, ցավոք սրտի, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները անում են, և ես ընդամենը պիտի դիմեմ էն կանանց, ում տղամարդիկ հրահրում են գնալ մարդասպանության՝ այդ քայլը կատարելուց առաջ դուք մտածեք, որ դուք դառնում եք կին մարդասպան, մտածեք այդ մեկ նախադասության մասին և հետո մտածեք՝ ձեր ամուսնու կամ ձեր մոր կամ սկեսուրի հորդորով գնա՞լ այդ մարդասպանությանը, թե՞՝ ոչ։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG