Մատչելիության հղումներ

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել


Սիրիայում ծուղակ-ականի պայթյունից երեկ հայ սակրավոր է վիրավորվել: Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում այսօր փոխանցեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը:

Էլբակյանը հրաժարվեց հայտնել սակրավորի անունը: Ասաց, որ նա կորցրել է աջ ոտնաթաթը, տեղի ունեցած մասին սակրավորի ընտանիքին տեղեկացրել են:

«Ականի պայթյունը տեղի է ունեցել ականազերծման աշխատանքներն իրականացնելու ժամանակ, հայ սակրավորներից մեկը ստացել է ոտնաթաթի վնասվածք: Արագ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Մեր ունեցած տեղեկություններով, աջ ոտնաթաթը ամպուտացվել է: Վիճակը այս պահին բժիշկները նորմալ են գնահատում: Տեղափոխվելու է Հայաստան: Նշեմ, որ սակրավորը փետրվարի 8-ից էր Սիրիայում, 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խմբի կազմում է: Պայթյուն պատճառը պլաստիկի պատյանով ծուղակ-ականն է եղել․ սա ինքնաշեն ական է», - մանրամասներ հաղորդեց Էլբակյանը:

Հարցին, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել դեպքը, նա պատասխանեց․ - «Ինչքան որ ես տեղյակ եմ Հալեպի մոտակայքում է տեղի ունեցել»:

Նազելի Էլբակյանը դժվարացավ ասալ, թե վնասվածք ստացած սակրավորը երբ է տեղափոխվելու Հայաստան: Կրկնեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Հարցին, թե ինչ է ձեռնարկվում, որպեսզի բարձրացվի Սիրիայում աշխատող հայ մասնագետների, սակրավորների անվտանգությունը, Էլբակյանն արձագանքեց․ - «Նկատելի ունենալով սակրավորների ընտրած մասնագիտությունը, վտանգը, բնականաբար, անխուսափելի է»:

Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խումբ է գործուղել Սիրիա: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ օր ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը ժամանել է Սիրիա՝ Հալեպ: Հովհաննիսյանը հավելել էր, որ հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG