Վրաստանը չի հրաժարվի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից, որքան էլ այդ հեռանկարները մշուշոտ թվան: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ասուլիսում:
Երեկ Վիլնյուսում կայացած ասուլիսի ժամանակ Զուրաբիշվիլին ասել է, թե Վրաստանը չի հոգնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:
«Մենք միաժամանակ թե՛ ռեալիստ ենք, թե՛ հավակնոտ», - հայտարարել է նա՝ նշելով, որ Վրաստանը շարունակում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ բարեփոխումները:
Ընդգծելով, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն բախվում են նոր մարտահրավերների, Զուրաբիշվիլին ասել է, թե դա չի նշանակում, որ Վրաստանը կթուլացնի եվրաինտեգրման տեմպերը:
«Մենք կանգնել ենք այդ ճանապարհին, և մեզ չեն կարող կանգնեցնել ո՛չ գոյություն ունեցող ագրեսիվ քաղաքականությունը, Ռուսաստանը, ո՛չ այն կազմակերպությունները, որոնց ձգտում ենք անդամակցել», - Վիլնյուսում հայտարարել է Վրաստանի նախագահը:
Լիտվայի նախագահը Վրաստանին կոչ է արել չթուլացնել բարեփոխումների իրականացման տեմպերը:
«Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու բարեփոխումների գործընթացը օգտակար է հենց երկրի համար, ուստի հոգնածության մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը՝ տեմպերը պետք է պահպանվեն, և արագացումը պետք է ավելին լինի», - ասել է Դալիա Գրիբաուսկայտեն:
Լիտվայի նախագահի խոսքով՝ Վրաստանը կարող է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ քաղաքական հանգամանքների դասավորության դեպքում:
Դեռ տասը տարի առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել էր, թե պատրաստ է աջակցել Վրաստանի անդամակցության ձգտումներին, ՆԱՏՕ-ի ղեկավարները բազմիցս ասել են, թե դաշինքի դուռը բաց է մնում, սակայն միաժամանակ պնդել են, որ Վրաստանը դեռ պետք է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնի:
Տասն օրից Վրաստանում մեկնարկելու են ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց ներկա է լինելու նաև դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին Վրաստանը նախկին Խորհրդային Միության հինգ այլ երկրների հետ ընդգրկված է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում: Նույնպես տասը տարի շարունակվող այդ ծրագրում Վրաստանը համեմատաբար լավ առաջընթացի է հասել, Եվրամիության հետ ստորագրվել է Համապարփակ համագործակցության և ազատ առևտրի համաձայնագիրը, Վրաստանի քաղաքացիները առանց վիզաների ազատորեն կարող են ճամփորդել ԵՄ երկրներ, բայց ԵՄ-ին լիարժեք անդամակցության կոնկրետ ժամկետ դեռ չի նշվում: