Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպի հետ։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրամիությունն անցած տարիների ընթացքում կուտակել են գործընկերության և համատեղ աշխատանքի մեծ փորձ, և ՀՀ վարչապետի՝ օրերս Բրյուսել կատարած այցը լավ առիթ էր բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա գործնական քայլերն ուրվագծելու համար։
Զրուցակիցներն անդրադարձել են թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ կառավարության զարգացման օրակարգի հիմքում ընկած է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության զարգացման խթանումը։
Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ Մնացականյանը հայտնել է, որ հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում՝ նախաձեռնելով երիտասարդությանը և նորարարությանը նվիրված միջոցառում:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով, որ համաժողովը ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից է, որը վերջին տասնամյակում առաջին անգամ անց է կացվելու Եվրոպայում։