Մատչելիության հղումներ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ էին հայտարարել ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու նախագծի պատճառով


«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ավտոպարկի տասնյակ ավտոբուսներ առավոտյան չեն շարժվել։

Ընկերության բոլոր 175 վարորդները գործադուլ էին հայտարարել, պատճառը քաղաքապետարանի պիլոտային ծրագիրն է, որի շրջանակում համար 5 երթուղին սպասարկող ավտոբուսի խցիկում տեսախցիկ է տեղադրվել՝ վարորդի վարքագիծն ուսումնասիրելու համար։

«Տեսախցիկի տակ աշխատելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, որը վարորդին կատեգորիկ չի թույլատրվում, որովհետև ինքը ուղևոր է տեղափոխում», - նշեց վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենց պահանջներին և աշխատանքային իրավունքներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։

«Մենակ բերում վերահսկում, եսիմ ինչեր, մի հատ տեսեք, էդ վարորդը հասնումա կանեց, ընդեղ լվացվելու տեղ ունի՞, հանգստանալու տեղ ունի՞, զուգարան ունի՞, թե՞ չունի», - ասաց վարորդը։

Խնդիրը փորձեց պարզաբանել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: - «Երկու ավտոբուսներում ներդրել ենք տեսախցիկներ, որը հնարավորություն կտա հետևել վարորդի վարքագծին, որը միևնույն ժամանակ հնարավորություն կտա ապահովել ուղևորների անվտանգությանը», - ընդգծեց Սարգսյանը։

Փոխքաղաքապետը չհերքեց, որ մայրաքաղաքում տրանսպորտը լավ չի աշխատում, ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու նախագիծն արդյունավետ աշխատանքին է միտված:

«Այն, որ ամեն ինչ պետք է կանոնակարգվի, դա փաստ է, քաոս չի կարող տիրել, խնդրում եմ այդ փաստը բոլորը հաշվի առնեն։ Ես վստահ եմ՝ այն վարորդները, ովքեր չեն ցանկանա աշխատել նոր պայմաններով, իսկ նոր պայմանները ենթադրում են պատշաճ վերահսկողություն.... և իմ համար անհասկանալի է՝ եթե ես թաքցնելու բան չունեմ, ինչո՞ւ չպետք է չուզենամ, որպեսզի ինձ վերահսկեն», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

Վարորդները պնդում են՝ թերևս իրենց ամենամեծ մեղքը ղեկին ծխելն է։

«Եթե ծխելու համար լինի, կամեռան կարան ուրիշ տեղ դնեն, ոչ թե վարորդի գլխի վրա, որ վարորդը չծխի։ Եթե վարորդը չի ուզում ծխել, վարորդի համար կանեցներում՝ վերջնամասերում, որտեղ ավտոբուսը հասնում է, հանգստյան տեղեր են սարքում վարորդին, նստելու տեղ, ծխելու տեղ, ոչ մի գծում տենց բան չկա», - նշեց վարորդը։

«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը հայտնեց, որ տեսախցիկը ժամանակավորապես հանվել է իրավիճակի թեժացումից խուսափելու համար, սակայն վարորդների հետ խոսել, պայմանավորվել է՝ պիլոտային ծրագիրը կշարունակվի։

«Ինչ վերաբերում է հաջորդիվ երթուղիները կաշխատե՞ն, այո, ես հավաստիացնում եմ, որ կաշխատեն անխափան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թարփոշյանը։

Պաշտոնական կողմի հավաստիացմամբ՝ ավտոբուսները վաղը կաշխատեն, հակառակ պարագայում էլ հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG