Մատչելիության հղումներ

Վարդանաշենցիները փնտրում են օրեր առաջ վերընտրված նախկին գյուղապետին


Վարդանաշենի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, մարտ, 2019թ․
Վարդանաշենի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը զրուցում է «Ազատության» հետ, մարտ, 2019թ․

Վարդանաշենում ոչ ոք չգիտի՝ ուր է օրեր առաջ վերընտրված նախկին գյուղապետը։

Արթուր Մանուկյանը գյուղը ղեկավարել է 10 տարի։ Թավշյա հեղափոխությունից հետո համագյուղացիների բողոքի ցույցերի պատճառով նա հրաժարական տվեց։ Փետրվարի 17-ին կայացած նոր ընտրություններին Արթուր Մանուկյանը 50 ձայնի առավելությամբ կրկին ընտրվեց ու հաջորդ իսկ օրն անհետացավ գյուղից։ Իսկ երեկ գյուղի ու գյուղապետի մասին «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի թողարկումից հետո պարզ դարձավ, որ նա կրկին հրաժարականի դիմում է ուղարկել մարզպետարան և գյուղի ավագանուն։

Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Գրիգորյանի վստահեցմամբ՝ ընտրություններն արդար են անցել։

«Ընտրությունները լեգիտիմ են անցել, մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ, վարչական ռեսուրս չի օգտագործվել», - նշեց Գրիգորյանը։

Գյուղի ընդդիմադիրները, սակայն, վստահ են՝ Արթուր Մանուկյանը վերընտրվելու համար հայտնի մեթոդներ է կիրառել՝ ընտրակաշառք, խոստումներ, ուղղորդումներ։

«Եթե ինքը ընտրված գյուղապետ էր և արժանապատիվ հաղթանակ էր տարել, նա պիտի արժանապատիվ ձևով էլ մտներ գյուղապետարան ու աշխատեր», - ասաց ընդդիմադիրներից մեկը։

Մրցակիցը Մանուկյանի դասընկեր, գյուղատնտես Ալեքսան Սարիբեկյանն էր։ Ընտրությունների արդյունքներն ընդունում է՝ համարելով, որ իր ձայներն արդար են, Մանուկյանինը՝ ոչ։

«Ինչ կատարվել է՝ ընտրություններից առաջ է կատարվել, վերջին երկու օրը։ Իրանց բոլոր քվեաթերթիկները սաղ նշմարներով էր, նշումներով էր համարյա կեսից ավելին։ Ինքը շատ սուտ ասելու հետ սեր ունի, եթե մուտիլովկի համալսարան լիներ, ինքը կարմիր դիպլոմով հաստատ կավարտեր», - ընդգծեց Սարիբեկյանը։

Վարդանաշենը խնդիրների պակաս չունի։ Խմելու ջուր չկա, մշակույթի տուն, գրադարան, անգամ գյուղապետարանը սանհանգույց չունի։ Բայց շուրջ 10 տարի մշակույթի տանը և՛ գրադարանավար է աշխատել, և՛ ակումբի վարիչ, և՛ պահակ։ Թե ի՞նչ և ո՞ւմ է «վարել» այսօր էլ այդ հաստիքը զբաղեցնող ակումբավար Սաքոն, միայն ինքը գիտի։

«Ակումբի վարիչը այս պահին աշխատում է։ Դե ակումբ եթե չկա, օրինակ՝ պահակ պետք է, բացող, փակող, օգտագործող պետք է։ Ոռոգման, խմելաջրի մագիստրալի օգտագործման, վերանորոգման, այսինքն՝ գյուղապետը ինչ հանձնարարում է, ես զբաղվում եմ էդ գործերով։ Ջրագծեր որոշ տեղեր չկա, չասեցինք ընդհանուր 100-տոկոսանոց չկա։ Օրինակ՝ փողոցներ կան, որ ջուրը չի հասնում ու բարվոք վիճակում էլ չի, կա մագիստրալը ջրի, ջուրը չի հասնում», - ասաց ակումբավարը։

Արթուր Մանուկյանի գտնվելու վայրի մասին անգամ նրա ծնողները չգիտեն։ Միայն ասացին, որ կնոջ առողջական խնդիրների պատճառով երկրից դուրս է գնացել։

«Երկու էրեխեն ինքը ո՞ւր կարա թողնի էթա։ Մա՞րդ է սպանել, հանցագործությո՞ւն է արել, զենք-զինամթե՞րք է տեղափոխել: Աշխատանք է, թերություն է, անցել է, ամեն ինչ նորմալ է։ Հիմա իրա կինը առանց էդ էլ վատ էր, հիմա իրանց անձնական գործերով են, մարդը իրավունք չունի՞», - նշեց Մանուկյանի մայրը։

Գյուղի ընդդիմադիրների բարձրացրած խնդիրները Մանուկյանի հայրը տեղին է համարում։ Ուզում է, որ որդին գա և շարունակի աշխատել նոր մեթոդներով, ի նպաստ գյուղի։

«Ես ընդհակառակը՝ ես ուզում եմ աշխատի ու ապացուցի, որ սենց ա, կարգն է էս ձևի, իհարկե, ոչ թե հին ոճով աշխատի, այլ՝ նոր», - ասաց Մանուկյանի հայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG