Այս տարի կսկսվեն վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ բանակցությունները, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
Գասպարյանը հավաստիացրեց՝ արտաքին գործերի նախարարությունն ու ընդհանրապես կառավարությունը կանեն ամեն ինչ՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։
«Ազատություն». - Հայաստանցիներին ամենահետաքրքրող հարցերից մեկը թերևս վիզաների ազատականացումն է, որքանո՞վ է իրատեսական այս տարի սկսել երկխոսությունը, բանակցությունները։
Գասպարյան. - Բանակցություններն, իհարկե, այս տարի կսկսվեն, թե ինչքանո՞վ կկարողանանք ավարտել վիզաների ազատականացումը մինչև այս տարվա վերջ, կախված է բանակցություններից, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ մեր արտաքին գործերի նախարարությունը և ընդհանրապես կառավարությունն այդ ուղղությամբ կանի ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը բերենք տրամաբանական ավարտի, ընդ որում, ինչպես Դուք նշեցիք, Եվրոպական միության գործադիր ճյուղի ղեկավարությունը նույնպես միտում ունի մեզ հետ աշխատելու։
«Ազատություն». - Կա՞ խանդ Մոսկվայի կողմից, և արդյո՞ք Երևանն ու Մոսկվան, մասնավորապես Փաշինյանն ու Պուտինը հավասարը հավասարի հետ արդեն խոսում են։
Գասպարյան. - Իհարկե վարչապետ Փաշինյանը բոլորի հետ է խոսում հավասարը հավասարի հետ՝ առանց առանձնացնելու որևէ պետության ղեկավարի, մեր հարաբերությունները բոլոր պետությունների հետ մենք կառուցում ենք հավասար սկզբունքների վրա։ Ինչ վերաբերում է այս խնդիրներին, որոնք պարբերաբար բարձրացվում են՝ թե՛ մեր մամուլում, թե՛ տարբեր փորձագետներ, փորձելով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ, մյուս կողմից, հակադրել, դրանք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, որովհետև մենք ունենք շատ բալանսավորված արտաքին քաղաքականություն, և նույնիսկ ես կարծում եմ, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ և նաև ունենալով այս որակի բարձր հարաբերություններ Եվրոպական միության հետ, Հայաստանը որպես քաղաքական միավոր շատ մեծ հետաքրքրվածություն կարող է ներկայացնել՝ ստեղծելու համար նոր տնտեսական նախաձեռնություններ, և այս հարցը նույնիսկ մենք քննարկում ենք ոչ միայն մեր Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ, այլ նույնիսկ Վրաստանի հետ։
«Ազատություն». - Պարոն Գասպարյան, արդեն թափանցիկ ակնարկներ հնչում են, որ այս տարի վերջապես կմեկնարկեն ղարաբաղյան բանակցությունները, բայց արդյոք փակուղային չէ՞ վիճակն ի սկզբանե, երբ վարչապետն ասում է՝ «Ստեփանակերտի անունից չեմ բանակցելու», Բաքուն էլ մերժում է Ղարաբաղին վերադարձնել բանակցային ֆորմատ։
Գասպարյան. - Այս փուլում այդ հայտարարությունները՝ Բաքվի մերժելու կամ չմերժելու, այդքան էլ նշանակություն չունեն, որովհետև պարզ է, որ հրապարակավ այս փուլում Բաքուն կարող է տարբեր հայտարարություններ անել, բայց փակուղային որևէ բան չկա, քանի որ սա պետք է լինի նոր փուլ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, քանի որ այն բոլոր քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, և Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և որի ղեկավարությունը ներկայացնում է ժողովրդին, բնական է, որ նաև մենք պետք է, մեր դիվանագիտությունն ամեն ինչ անի, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղան։ Ընդ որում 1992-ից 1997 թվականները Լեռնային Ղարաբաղը եղել է բանակցությունների կողմ, էդ իրողության հետ Ադրբեջանը պետք է հաշվի նստի, որովհետև խոսքը գնում է մի տարածքի մասին, որն ունի սահմաններ, որն ունի քաղաքական և տնտեսական ինստիտուտներ, բանակ և 150 հազար բնակչություն, որի համար իրենց անվտանգությունը և կարգավիճակն առաջնային խնդիր է, և ո՞նց կարող է Ադրբեջանը պատկերացնի այդ հարցի լուծումն առանց խոսելու լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության հետ՝ դա անհնար է, դրա համար ինչ-որ մի պահ, ինձ թվում է, այս կարծիքների փոխանակումը կգնա, հետո ի վերջո համանախագահողների օժանդակությամբ պետք է մտածենք, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղան և սկսվեն բանակցությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․