Մատչելիության հղումներ

Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների ընկալումը ԵՄ-ում բացառիկ դրական է. Արսեն Գասպարյան


Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյան «Ազատության» տաղավարում, Երևան, 6-ը մարտի, 2019թ.
Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյան «Ազատության» տաղավարում, Երևան, 6-ը մարտի, 2019թ.

Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների ընկալումը ԵՄ-ում բացառիկ դրական է:

«Ազատություն». - Պարոն Գասպարյան, Դուք Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էիք բրյուսելյան այցի ժամանակ: Նախ ընդհանրական մի գնահատական՝ Եվրոպական միությունում Հայաստանն ի՞նչ համբավ ունի, զգուշավո՞ր են, թե՞ իսկապես կա ընկալումը, որ սա ժողովրդավարական երկիր է։

Արսեն Գասպարյան. - Զգուշավոր որևէ մոտեցում չկա Հայաստանի հանդեպ, ընկալումը միանշանակ դրական է, և պետք է ասել՝ բացառիկ դրական, քանի որ այս ժողովրդավարական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, ապացուցեցին, որ Հայաստանը իրոք դարձել է մեր տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը ժողովրդավարության հարցում։ Վարչապետի այցը կարելի է բաժանել երկու մասի․ առաջին հերթին վարչապետի ելույթն էր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում, և վարչապետի երեք հանդիպումները Եվրոպական միության գործադիր ճյուղի ղեկավար անդամների հետ։

«Ազատություն». - Միության կողմից ի՞նչ ազդակներ կան, ինչի՞ վրա են հիմա իրենք կենտրոնանում Հայաստանի դեպքում, այսինքն ինչի՞ համար են պատրաստ փող տալ, եթե ավելի կոշտ ձևակերպենք։

Գասպարյան. - Նախևառաջ մենք պետք է նայենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում, որը արդեն Եվրոպական միության 28 երկրներից 10-ը վավերացրել են, և այս վավերացման գործընթացը, իհարկե, արդեն իրավունք է տալիս մեզ և Եվրոպական միությանը սկսել կիրառումը պայմանագրի։ Վարչապետը մի քանի կոնկրետ ծրագրերի մասին է խոսել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, մասնավորապես, ոստիկանության ոլորտում բարեփոխումները, մեր դատական համակարգի բարեփոխումները, ինչպես նաև կալանավորման վայրերի բարեփոխումները, որպեսզի սկսեն միասին մեր հետ աշխատել և դրանք իրականացնել։ Իհարկե, այստեղ պետք է նշել նաև շատ կարևոր տնտեսական մի շարք նախագծեր, որոնք վերաբերում են ջրամբարների կառուցմանը, Հայաստանում ջրերի ռեսուրսների ճիշտ կառավարմանը, ինչպես նաև Սևանի և Հրազդան գետի ավազաններում նույնպես ջրային ռեսուրսների օգտագործմանը, Քաջարան-Սիսիան հատվածի կառուցմանը և մի շարք այլ պրոյեկտներ, որոնք կոնկրետ ծրագրեր են: Եվ մենք միասին Եվրոպական միության մեր գործընկերների հետ պետք է աշխատենք այդ ճանապարհային քարտեզը ավարտենք, որպեսզի սկսենք իրականացնել այդ ծրագրերը։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG