Մատչելիության հղումներ

Օպերային թատրոնը փառատոներով հարուստ գարուն է խոստանում


Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան

Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնում բազմիցս է բեմադրվել, բայց յուրաքանչյուր ժամանակաշրջան իր յուրահատուկ երաժշտական մտածողությունն է առաջարկում օպերային արվեստի երկրպագուներին՝ նորովի մատուցելով օպերային համաշխարհային գլուխգործոցները:

Եվ ահա վաղը երեկոյան օպերային թատրոնում տեղի կունենա նոր «Կարմենի» հայաստանյան պրեմիերան։ Այս նոր ներկայացումը անցյալ տարվա աշնանը մեր օպերային թատրոնը մեծ հաջողությամբ ներկայացրել էր Դուբայում և Քուվեյթում կայացած հյուրախաղերի ժամանակ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շեշտեց, որ, իր կարծիքով, իրենց այս փայլուն բեմադրությունը, որը մենակատարների երկու կազմով է ներկայացվում, այս անգամ ևս՝ հրաշալի օպերային երգիչներ Գրետա Բաղիյանի և Հովհաննես Այվազյանի գլխավոր դերակատարումներով և նորովի մատուցմամբ, երաժշտական հրաշալի իրադարձություն է լինելու, այնպիսին, ինչպիսին վերջին ժամանակներում հաճախ է տեղի ունենում օպերային թատրոնում: Ասենք, օրերս կայացած Մոցարտի «Կախարդական սրինգ»-ի պրեմիերան, որը մեծ հաջողությամբ անցավ:

«Գարուն է և ուզում ենք գարնանային թարմ շնչով մեր հանդիսատեսին ներկայացնել մի շարք փառատոներ», - ասաց Կոնստանտին Օրբելյանը՝ հավելելով, որ օպերային արվեստի երկրպագուների համար մի քանի փառատոն են նախապատրաստել:

Առաջիկա գարնանային այս ամիսներին տեղի կունենա իտալական օպերայի փառատոն: Կներկայացվեն իտալական օպերային գլուխգործոցներ՝ «Տրավիատան», «Աիդան» և այլ հանրահայտ ստեղծագործություններ: Ի դեպ, այս ընթացքում կրկին հրավիրվելու է «Աիդա»-ի իտալացի անվանի բեմադրիչ Մարիո Կորրադին՝ ներկայացնելու մի քանի տարի առաջ այստեղ՝ իր իսկ բեմադրած Վերդիի «Աիդան»: Կներկայացվի նաև Ռոսինիի «Մոխրոտիկը»:

Իտալական օպերայի փառատոնից հետո երաժշտասերները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալ հայկական օպերաների փառատոնին, որի ընթացքում նրանց կներկայացվեն «Անուշ», «Արշակ 2-րդ», «Ալմաստ», «Սայաթ -Նովա» և «Արծվաբերդ» օպերաները: Ի դեպ, Անուշի դերերգը կատարելու է մեր հայտնի օպերային երգչուհիներից Անահիտ Մխիթարյանը:

Օպերային այս փառատոներին հաջորդելու է խաչատրյանական բալետների փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն նրա երեք հանրահայտ բալետները՝ «Սպարտակը», «Գայանեն» և «Դիմակահանդեսը», նաև՝ Արամ Խաչատրյանի զարմիկ Կարեն Խաչատրյանի «Չիպպոլինո» բալետը:

Օրբելյանի համոզմամբ, հատկապես զբոսաշրջիկների համար կարող է շատ հաճելի լինել, երբ ժամանում ես մի երկիր, որտեղ տասն օրերի ընթացքում կարող ես խաչատրյանական բոլոր բալետները դիտել․ մի բան, որ չես կարող անել աշխարհի և ոչ մի օպերային թատրոնում:

Ցավոք, ասում էր Կոնստանտին Օրբելյանը, ֆինանսական խնդիրները մեզ փոքր-ինչ հետ են պահում է՛լ ավելի ծավալուն ձեռնարկներ իրականացնելուց: Առայժմ թատրոնի ֆինանսավորումը հաստատված չէ և դա հնարավորություն չի տալիս ավելի մեծ ծրագրեր պլանավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG