Մատչելիության հղումներ

Նորընտիր Ազգային ժողովն ընդունեց առաջին օրենքները


Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը և առաջին ընթերցմամբ՝ «Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների, զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:

Նախագիծն անցավ միաձայն: Կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:

«Շնորհավորում եմ պարոնայք: Երկու օրենք, մեկը՝ առաջին ընթերցմամբ, և մեկը ամբողջությամբ ընդունվեց: Սրանք մեր ընդունած առաջին օրենքներն էին: Հատկանշական է՝ երկուսն էլ ներկայացված ընդդիմության կողմից: Ես կարծում եմ, այս կառւցողական մոտեցումը մենք կկարողանանք շարունակել», - ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախագծի առաջարկը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր, որի քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պետք է հնարավորություն ընձեռվի քաղաքացիների ներգաղթին. - «Մենք ունենք շատ մեծ սփյուռք, և սա լուրջ խնդիր է, քանի որ մեր մոտ օրեքով, անկախ նրանից դու քանի տարեկանում ես դուրս եկել Հայաստանից․․․ այդ բոլոր քաղաքացիները հիմա քրեական հետապնդման մեջ են: Եվ պետք է այս քաղաքացիներին հնարավորություն տրվի վերադառնալ հայրենիք: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մինչև այս տարվա մարտի 1-ը դարձել են 27 տարեկան ու փաստորեն այլևս զինապարտ չեն, կարող են վերադառնալ հայրենիք, վճարել ամեն բաց թողած զորակոչի համար 200 հազար դրամ գումար, և արդեն ազատ ելումուտ ունենալ Հայաստան, բնակվել Հայաստանում, ինչը ավելի խրախուսելի է»:

28-ամյա Վահագն Մարտիրոսյանը, ով ուսման նպատակով մեկնել է Ֆրանսիա, ասում է, որ Հայաստան վերադառնալու ցանկությունը մեծ է և պատրաստ է վճարել նախատեսված գումարը․ - «Շատ կարևոր է: Որովհետև ես միակ մարդը չեմ, որ դուրս էինք եկել զուտ ավելի լավ ուսում ստանալու համար: Եվ ուրիշ նպատակներով էլ մարդիկ դուրս էին եկել, սակայն ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան: Ոչ քս չի ուզում գա, երեք 3 տարի ուղղակի բանտում նստի: Իմ ճանաչած մարդիկ բոլորն էլ ցանակնում են վերադառնալ ու իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել Հայաստանում»:

27-ամյա Թովմաս Թերզյանը 9 տարի է, ինչ ապրում է Մարսելում։ Օրենքի երկարաձգումը ողջունում է, սակայն, կարծում է, որ այս խնդիրն արմատական լուծում է պահանջում։ Առաջարկում է մշակել օրենք, ոը հնարավորություն կընձեռի արտերկրում ապրող քաղաքացիներին մինչև 27 տարեկանը լրանալը ազատ ելումուտ ունենալ Հայաստան:

«Պետք է իրենց տարբերել դասալիքներից: Եթե կա մարդ, որը ինչ-ինչ պատճառներով դրսում է, նրան հայրենիքի հետ կապից զրկելը ուղղակի կորուստ է, որը մենք իրավունք չունենք այսօր շռայլելու․․․ Այդ հազարավոր երիտասարդները, որոնք վաղը պետք է ներկայացնեն մեր երկիրն ու հանրապետությունը, մենք իրենց ուղղակի կորցնում ենք դրսում: Ուստի խնդիրը կայանում է նրանում, որ պետք է այդ երիտասարդներին տարվա մեջ հնարավորություն տրվի վերադառնալ հայրենիք: Եթե պետք է 27 տարեկանում գումար վճարի, ինչի՞ պետք է 23-ում, 24-ում պետք է ապրել Եվրոպայում: Թող նախօրոք ստորագրեր, հանձն առնեն վճարել գումարը, ամիս առ ամիս կամ ինչ-որ մի տարբերակ թող մտածի հանձնաժողովը և առաջարկի: Որպեսզի երիտասարդները կապի մեջ լինեն: Որովհետև հետո․․․ օրինակ, ես արդեն չեմ հասկանում ես երևանցի՞ եմ, թե՞ մարսելցի եմ: Ես պատրաստվում են հետ գալ Հայաստան և մշտական կացություն հաստատել, բայց ինչքանով կհամոզի չգիտեմ, ոչ մեկը չգիտի: Որովհետև իմ համար շատ անսովոր է լինելու․․․ սեփական հայրենիքս ինձ անսովոր է լինելու, որովհետև օրենքը ինձ թույլ չի տվել, որ ես կապի մեջ լինեմ հայրենիքի հետ», - հիմնավորեց Թերզյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է. - «Դժվար է գնահատական տալ, որովհետև մի կողմից շատ լավ է, որ մեր հայրենակիցները հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենան, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ զինվորականները, զինծառայողղները, նախկին ծառայածները մի քիչ այլ կերպ են սրան նայում․․․ Զինվորականի տեսանկյունից ինքը միանշանակ չի ընկալվում, հակասական բաներ կան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG