Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ն չի ճանաչում հայաստանյան հավաստագիրը․ գործարար


Technology and Science Dynamics ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը
Technology and Science Dynamics ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը

Հայաստանում գործող Technology and Science Dynamics ընկերությունը, որը հայտնի ArmPhone-ների ու ArmTab-երի արտադրողն է, 2017 թվականի հունվարից չի կարողանում իր արտադրանքը վաճառել Եվրասիական տնտեսական միության երկրներում, որովհետև հայաստանյան կառույցների տված չորս հավաստագրերից մեկը ԵԱՏՄ մյուս երկրները չեն ճանաչում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

«Մեր արտահանման համար մեզ հարկավոր է չորս սերտիֆիկատ՝ ծագման սերտիֆիկատ, ազգային անվտանգության սերտիֆիկատը, որ նրա մեջ ոչ մի սխալ, էսպես ասած, մասեր չկան, երրորդը ցածր լարման հոսանքի օգտագործման ապահովման սերտիֆիկատն է և մյուսը, որը կոչվում է կապի համապատասխանության սերտիֆիկատ։ Չորս սերտիֆիկատն էլ մենք ունենք, որը տրվում է Հայաստանում, այսինքն եթե մենք մտնում ենք ԵԱՏՄ երկրների տնտեսական գոտի, արդեն ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ է։ Հիմա պարզվում է, որ 4-3-ը ընդունվում է, բայց կապի համապատասխանության սերտիֆիկատը չի ընդունվում։ Բացատրությունը մինչև էսօր չենք կարողանում ստանալ», - նշեց ընկերության հիմնադիր տնօրենը։

Ըստ Շաքարյանի, ընկերությունը հիմնադրվել է 2013-ին, 2016 թվականի վերջին այն ուներ մոտ 150 աշխատակից, սակայն 2017-ից, երբ այլևս չի կարողանում ArmPhone-երը ու ArmTab-երը վաճառել ԵԱՏՄ շուկայում՝ գերազանցապես Ռուսաստանում, ընկերությունը կանգնում է ֆինանսական լուրջ խնդրի առջև, հարկադրված՝ աշխատանքից ազատում է 120 հոգու, իսկ անցած երկու տարվա ընթացքում Շաքարյանը իր կորուստները գնահատեց առնվազն մեկ միլիոն դոլար:

Ընկերության արտադրած ArmTab-երը այսօր էլ կարելի է տեսնել կառավարության նսիտերի դահլիճում:

«Ազատության» հարցին՝ դիմե՞լ են Հայաստանի պետական մարմիններին, պատասխանեց. - «Իհարկե, առաջին երկու տարին՝ մի քիչ սպասի, երկու շաբաթից, տոներից հետո և դա տևեց երկու տարուց ավելի։ Հիմա նոր կառավարությունը, ճիշտն ասած, ավելի ակտիվորեն սկսեց դրանով զբաղվել, բայց մինչև էսօր նորից էդ հարցը չի լուծվում և ամենացավալին այն է, որ անհասկանալի է, թե ինչն է պատճառը։ Եթե մենք նույն տնտեսական գոտում ենք, ապա այդ ոնց է՝ չորս սերտիֆիկատից երեքը ընդունվում է, իսկ մեկը չի ընդունվում։ Ինչի՞ հենց էդ մեկը չի ընդունվում»։

Հայաստանը՝ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ է այդ կառույցի ստեղծման հաջորդ օրվանից՝ 2015 թվականի հունվարի 2-ից: Միության կառավարող մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայումս ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դիմել ենք և ոչ մեկ անգամ, և՛ Կարինե Մինասյանին ենք դիմել, և՛ Տիգրան Սարգսյանին ենք դիմել, ես ուղղակի էսօր զարմանում եմ, նման աշխատանքի վերաբերմունքին, երբ որ մեր հարցերի ուշադրությունը կորած է, չկա նման հարց։ Պատասխանում են ինչ-որ ժողովներով, վիդեո կոնֆերանսներով, որի ժամանակ ոչ մի հարց չի լուծվում», - ասաց Շաքարյանը։

Այս խնդրի առնչությամբ «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, պատասխան դեռ չունենք: Փոխարենը մեր հարցերին համաձայնվեց պատասխանել Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը, ում խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելիս Հայաստանը չի միացել մի համաձայնագրի, ըստ որի՝ որոշակի արտադրատեսակների համար սահմանվում են գնահատման լրացուցիչ փաստաթղթեր ու պաշտոնական Երևանը չի միացել համաձայնագրին, որպեսզի հայաստանյան տնտեսվարողների համար լրացուցիչ պահանջներ չառաջանան՝ այդ արտադրատեսակները իրացնելիս:

«Այն ժամանակ եղել է հետևյալ նկատառումը, որ մենք դրան անդամակցեինք, ապա Հայաստանի Հանրապետության արտադրողների համար, ներմուծողների համար մենք սահմանելու ենք լրացուցիչ տեխնիկական խոչընդոտներ, այդ նկատառումից ելնելով՝ Հայաստանի Հանրապետությունը դա չի ավաելացրել», - ընդգծեց Ալբերտ Բաբայանը։

«Ազատության» դիտարկմանը՝ այն ժամանակ կապի համապատասխանության համաձայնագրին չմիացանք, որովհետև մտածում էիք ներմուծողների մասին, Բաբայանը արձագանքեց. - «Ոչ միայն ներմուծողների, այլ նաև արտադրողների, որոնք իրենց արտադրանքը իրացնում են տեղական շուկայում»։

Ըստ փոխնախարարի, նոր կառավարության օրոք հարցը ակտիվորեն քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում, և արդյունքում՝ միության փոխվարչապետերի խորհուրդը անցած տարվա սեպտեմբերի 14-ին հաստատեց մի որոշում, որը թույլ կտա Technology and Science Dynamics-ին իր արտադրած հեռախոսներն ու թաբերը Ռուսաստանում վաճառելու համար այդ երկրից ստանալ համապատասխան հավաստագիր:

Մինչդեռ գործող կարգավորման համաձայն, նման հավաստագիր ստանալու համար պետք է Ռուսաստանում ընկերություն գրանցել, ինչը Վահան Շաքարյանի խոսքով, հայաստանյան ընկերությանը համար ծախսատար է ու ժամանակատար, բայց ամենակարևորը՝ այդ պարագայում ArmPhone-երն ու ArmTab-երը պետք է վաճառվեն ռուսաստանյան ընկերության անվան ներքո:

Ըստ Ալբերտ Բաբայանի, փոխվարչապետերի խորհրդի այդ որոշումը՝ ուժ ստանալու համար, պետք է ստանա ԵԱՏՄ բոլոր երկրների հավանությունը: Ղրղըզստանը վերջին երկիրն է, որը անցած տարվա դեկտեմբերին տվել է իր համաձայնությունը:

«Ներկայում ԵԱՏՄ կոլեգիային մետիտորինգ է իրականացնում, որպեսզի հասկանա, թե ինչ փուլում է հասել փոխվարչապետների խորհրդի որոշումը, և մենք համպատասխան գրություն ենք ստացել ԵԱՏՄ կոլեգիայից և ակնկալում ենք, որ էս մարտի մեջ, քանի որ առաջին եռամսյակը նոր է լրանում, այսինքն մենք արդեն ամբողջական պատկերը կիմանաք, թե որտեղ է հասել էդ գործողությունը», - ասաց Բաբայանը։

Ըստ փոխնախարարի՝ որոշումը կսկսի գործել առաջիկայում: Միաժամանակ, Բաբայանի խոսքով, հայաստանյան ընկերությունը այսօր էլ կարող է նման հասվտագիր ստանալ Ռուսաստանից՝ առանց այնտեղ ընկերություն գրանցելու և այդ առաջարկը արվել է Վահան Շաքարյանին: Պարզապես, քանի դեռ ԵԱՏՄ փոխվարչապետերի խորհրդի նշված որոշումը ուժի մեջ չի մտել նման հասվաստագիր ստանալը ավելի թանկ կլինի:

Վահան Շաքարյանը հերքում է, որ իրեն նման տարբերակ է մատնացույց արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG