Մատչելիության հղումներ

Արևմտյան բանկերը վնասներ են կրում «Տրոյկա լանդրոմատի» սկանդալի հետևանքով

«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյան, արխիվ
«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյան, արխիվ

Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկում փողերի լվացման սխեմայի բացահայտման հետևանքով արևմտյան մի շարք բանկեր խոշոր ֆինանսական վնասներ են կրում:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի (OCCRP) հերթական հետաքննությունը բացահայտել է Ռուսաստանից դեպի Արևմուտք դրամական «խողովակ», որի շնորհիվ ռուսաստանցի կոռումպացված քաղաքական գործիչներ, գործարարներ, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ թաքցրել են իրենց ունեցվածքը և խուսափել հարկերից:

Ժամանակին Ռուսաստանում թերևս ամենախոշոր և բարի համբավ ունեցող ներդրումային բանկը, լրագրողների բնորոշմամբ՝ «Տրոյկա լվացքատունը», ավելի քան 75 օֆշորային ընկերություններ է ստեղծել, որոնք հաշվեհամարներ են բացել եվրոպական բանկերում, որի միջոցով կեղծ գործարքներ կնքել` այդպիսով օրինականացնելով միլիոնավոր դոլարներ:

Հայազգի հայտնի գործարար և բարերար Վարդանյանի, այսպես կոչված, օֆշորային կայսրության անվանի հաճախորդներից է եղել նաև Պուտինի մերձավոր ընկեր, միլիարդատեր ջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ում անունը կապվում է խոշոր կոռուպցիոն գործարքների հետ: Ինքը՝ Ռուբեն Վարդանյանը կտրականապես հերքել է իր մասնակցությունը ֆինանսական այդ մեքենայություններին և պնդել, որ իր ստեղծած բանկային համակարգը գործել է թափանցիկ: Մինչդեռ լիտվական Ukio բանկից փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ հետաքննող լրագրողները պարզել են, որ 2006-ից մինչև 2013 թվականները Վարդանյանի գլխավորած ներդրումային բանկում շուրջ 9 միլիարդ դոլարի փողերի լվացման այդ սխեմաներում, ըստ հետաքննող լրագրողների, ներգրավված են եղել տասնյակ խոշոր եվրոպական բանկեր՝ Citigroup-ը, Raiffeisen Bank-ը, Deutsche Bank-ը:

Թեև ֆինանսական կառույցներից շտապել են հերքել մեղադրանքները, այդուհանդերձ բացասական հետևանքները չուշացան: Հետաքննության հրապարակումից ժամեր անց Եվրոպական բանկային համակարգը բախվեց ցնցումների. ամենաշատը տուժել է Raiffeisen Bank-ը, որի բաժնետոմսերը լոնդոնյան բորսայում կորցրել են ինքնարժեքի մոտ 13 տոկոսը:

Սա վերջին տասնմեկ ամսվա ընթացքում բանկի ամենամեծ կորուստն է: Raiffeisen-ը ստիպված եղավ հայտարարությամբ հանդես գալ և ներքին ստուգումներ նախաձեռնել, երբ Hermitage Capital հեղինակավոր հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերը դիմեց ավստրիական դատախազությունը՝ պահանջելով ավստրիական այդ բանկում ստուգումներ անցկացնել:

Այն, որ Raiffeisen-ը ներգրավված է եղել փողերի լվացման սխեմաներում, դեռևս 2008 թվականին պարզել էր Hermitage Capital-ի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին, ով ամիսներ անց ձերբակալվել և սպանվել է Մոսկովյան բանտում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը իր հերթին է հանդես եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Տրոյկա Դիալոգ»-ի սխեմաների բացահայտումը վերհանում է Եվրոպայում փողերի լվացման դեմ գործող համակարգերի աչք ծակող թերությունները։ Հակակոռուպցիոն կառույցը դիմել է Եվրամիությանը փողերի լվացման նկատմամբ վերահսկող մարմին ստեղծելու պահանջով։

Ընդդիմախոսները նկատում են, որ եվրոպական օրենքների խառնաշփոթ պատկերը խանգարում է փողերի լվացման դեմ պայքարին, քանի որ չկա կենտրոնական գերատեսչությունը, որը կպատասխանի հանցագործության հետաքննության համար: Փոխարենը՝ խիստ են պատիժները Նահանգներում:

«Թրանսփարենսի»-ն մտադիր է դիմել ամերիկյան, ինչպես նաև բրիտանական իշխանություններին՝ պահանջելով ստուգել այդ երկրներում «Սբերբանկ»-ի մասնակցությամբ հնարավոր կեղծիքները։ 2012 թվականին «Տրոյկա Դիալոգ»-ը գնած ռուսաստանյան բանկային հսկա «Սբերբանկ»-ը, մինչդեռ, հայտարարում է, թե առնչություն չունի լրագրողների մատնանշած ֆինանսական մեքենայությունների հետ։ Բանկը պնդում է, որ կասկածելի փոխանցումները կատարվել են «Տրոյկա Դիալոգ» ընկերության գնման գործարքին երբևէ առնչություն չունեցած ընկերությունների հաշվեհամարներից:

Փորձագետների համոզմամբ՝ օֆշորային սխեմաների մասին OCCRP-ի ուսումնասիրությունը հեռուն գնացող հետևանքներ կունենա: Ռուսական կեղտոտ փողերի լվացմանը եվրոպական բանկերի մասնակցությունը ապացուցվելու դեպքում, մասնագետների կարծիքով, մեծ վտանգ կա, որ այդ դրամատների ֆինանսական կորուստները կարող են հասնել միլիարդների։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG