Մատչելիության հղումներ

Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


Լևոն Երանոսյան, արխիվ:

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթացման։

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործի վերաբերյալ հանդես կգան պաշտոնական հաղորդագրութամբ գործը դատախազություն ուղարկելուց հետո։

Գեներալ լեյտենանտ Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյանը չի ընդունում մեղադրանքը․ - «Ամբողջական գնահատական հիմա մանրամասն չեմ կարող տալ: Պարոն Երանոսյանը իրեն մեղավոր չի ճանաչել, շարունակում է իր դիրքորոշմանը մնալ: Գործի նյութերին ծանոթանալուց հետո մենք ավելի մանրամասն մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Այս գործով, ըստ փաստաբան Արա Ղարագյոզյանի, անցնում է ավելի քան 20 տուժող․ - «Ինչպես գիտեք, բազմաթիվ քաղաքացիներ և լրագրողներ մարմնական վնասվածքներ են ստացել: Կա մոտ քսան կամ ավել տուժող․․․ Քանի որ դեռ լիարժեք չեմ ծանոթացել քրեական գործերին, շատ մանրամասներ դեռ չեմ կարող ներկայացնել: Բայց ամեն դեպքում դա դրական եմ համարում»:

Ղարագյոզյանը տուժող Յուրի Սողոյանի շահերն է ներկայացնում։ Պատմում է, որ Սողոյանը որպես շարքային քաղաքացի մասնակցում էր ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիային, երբ հատուկ միջոցների կիրառումից վնասվեցին նրա երկու ոտքերը․ - «Նա սովորական քաղաքացի է, խաղաղ եկել էր ցույցի, որևէ բռնություն կամ հակաօրինական գործողություններ չի կատարել: Պարզապես հավաքի ժամանակ կանգնած է եղել: Այնտեղ հատուկ միջոցներ էին կիրառում Բաղրամյանում, արդյունքում նա ստացել է մարմնական վնասվածք, բեկորային վնասվածքներ էին: Հիմա որոշ չափով լավ է, բայց երկու շաբաթ չի կարողացել քայլել: Նույնիսկ մինչև հիմա էդ բեկորները իր ոտքի մեջ են: Լիարժեք որ ասես ապաքինվել է, այդպես չի»:

Անցած սեպտեմբերին, երբ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Երանոսյանին, նրա փաստաբան Սաֆարյանն «Ազատության» հետ զրուցյում ասել էր, որ հեղափոխության օրերին թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր և այդ միջոցները կիրառվել են։

Փաստաբանի շեշտադրմամբ՝ հատուկ միջոցները կիրառվել էին բախումները կանխելու համար։

Հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներից ամենածանր վնասվածքը ստացած Զավեն Գրիգորյանը պնդում է, որ հենց Լևոն Երանոսյանն է նռնակ նետել, ինչի հետևանքով վնասվել են իր ոտքերն ու ինքը մինչև օրս հենակներով է տեղաշարժվում։

«Երանոսյանը պետք է պատասխանատավության ենթարկվի», - ասում է Գրիգորյանը: - «Ինքը իրա ձեռքով ա գցել, էդ ապացուցված ա․․․ Հատուկ քննչականը ունի էդ վիդեոները: Որ նայեք էդ վիդեոն, կտեսնեք ոնց ա զինվորների հետևից նենգաբար էդ ռումբը գցում ու իմ ոտքերի տակ ա դա տրաքում: Խնդիր էլ չկա դա ապացուցելու»:

Զավեն Գրիգորյանը կառավարություն է դիմել, որպեսզի փոխհատուցվի իր կրած նյութական վնասը։ Նա շինարարական գործունեություն է ծավալել տարբեր երկրներում, նաև հարևան Վրաստանում: Վնասվածքների պատճառով այժմ չի կարող աշխատել։

Փաստաբան Արա Ղարագյոզյանն իր հերթին կարծում է, որ հենց գեներալ լեյտենանտ Լևոն Երանոսյանը պետք է փոխհատուցի տուժողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG