Մատչելիության հղումներ

Վարդան Տողանյանը պատրաստ է երաշխավորություն տալ Ռուսաստանում կալանավորված գործարարի համար


Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյան, արխիվ

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը պատրաստ է երաշխավորություն տալ կալանավորված գործարար Վահան Աբգարյանի համար։

Աբգարյանը ձերբակալվել է Baring Vostok ներդրումային հիմնադրամի քրեական գործի շրջանակներում։ Նրան կասկածում են մեքենայությունների մեջ։

Տողանյանը երեկ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է, որ լավ է ճանաչում Աբգարյանին, և վերջինս, ըստ դեսպանի, վայելում է նաև հայ համայնքի աջակցությունը։

«Մենք սովորաբար մեր երաշխավորությունն ենք տալիս այն մարդկանց համար, ում լավ ենք ճանաչում։ Ես Աբգարյանին շատ լավ եմ ճանաչում, ինչպես նաև լավ եմ ճանաչում նրա գործունեությունը», - ասել է Տողանյանը։

Դեսպանի խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև այն, որ Աբգարյանը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

«Որպես դեսպան, ես հաճախ եմ հանդես գալիս նման երաշխավորություններով։ Սակայն մենք չենք խառնվում քննչական մարմինների աշխատանքին։ Մենք ընդամենը խնդրում ենք փոխել նրա խափանման միջոցը մեկ այլ միջոցով, որը կապ չի ունենա կալանավորման հետ», - «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։

Տողանյանը նաև հիշեցրել է, որ բոլորովին վերջերս իր երաշխավորությամբ ազատ է արձակվել Հայաստանի քաղաքացի, հայտնի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը՝ փոխվել է նրա խափանման միջոց կալանավորումը։

Baring Vostok-ի քրեական գործի շրջանակներում կալանավորվել է վեց անձ, այդ թվում՝ հիմնադրամի ղեկավար և հիմնադիր Մայքլ Քենը և Վահան Աբգարյանը։ Նրանց կասկածում են երկուսուկես միլիարդ ռուբլի յուրացնելու մեջ։

Փորձագետները նշում են, որ այս ձերբակալությունների հետևանքով ներդրումային մթնոլորտը Ռուսաստանում ավելի կվատանա, և արտասահմանյան կապիտալի արտահոսքը է՛լ ավելի արագ կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG