Մատչելիության հղումներ

Քոչարյանը 2001-ին շանտաժով դուրս հանեց ԼՂ-ին բանակցությունների ընթացքից. Զուրաբյան


Ըստ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականին շանտաժով դուրս հանեց Լեռնային Ղարաբաղին բանակցությունների ընթացքից։

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ Զուրաբյանն ասաց՝ արդյունքում հարցը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրից վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի։

Իսկ այսօր, ըստ Զուրաբյանի, առաջացել է բանակցային ձևաչափի ճգնաժամ, որի գլխավոր հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է։

Զուրաբյան. - 1998 թվականից հետո, իսկ ավելի ճիշտ 2001-ին, երբ որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնաց այդ քիուեսթյան բանակցությունների, նա արեց մի շատ անհեռատես և ես կասեի շատ վնասակար մի քայլ՝ նա շանտաժով դուրս հանեց Լեռնային Ղարաբաղին բանակցությունների ընթացքից։

«Ազատություն». - Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով շանտաժով։

Զուրաբյան. - Ինքը գնացել է Արկադի Ղուկասյանի հետ խոսացել է, որ՝ «դու պետք է թույլ տաս, որ մենք գնանք և ներկայացնենք նաև Ղարաբաղը», այսինքն՝ բանակցություններում խոսենք նաև Ղարաբաղի խնդրի շուրջ։

«Ազատություն». - Դուք հայտարարում եք, որ Հայաստանի երկրորդ նախագահը շանտաժի է ենթարկել Ղարաբաղի իշխանություններին։

Զուրաբյան. - Դուք ինչ ուզում եք սա կոչեք, ես ասում եմ, թե ինչ է եղել։ Ես սա մի քանի անգամ եմ ասել, սա նորություն չի։ Արդյունքը եղել է այն, որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է իր վրա պարտականություն՝ խոսել ոչ միայն Հայաստանի Հանրապետության անունից, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։

«Ազատություն». - Այսինքն՝ Ղարաբաղի իշխանությունները ենթարկվեցին այդ շանտաժին։

Զուրաբյան. - Ուրիշ կերպ հնարավոր չէր։ Այս բանն անելով՝ փոխելով, ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը՝ մատուցեց միջազգային հանրությանը մի լուրջ ծառայություն, որովհետև անհարմարություն կար՝ Ադրբեջանը շատ մեծ դժկամությամբ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու այդ խնդիրը, և Ռոբերտ Քոչարյանն այս ծառայությամբ միջազգային հանրությանը, փաստորեն այդ անհարմարությունը փոխեց, չվերացրեց, արդյունքում, բայց խնդիրն էլ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրից վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային մի վեճի։

«Ազատություն». - Եվ հիմա այդ պատճառով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր դրության մեջ է։

Զուրաբյան. - Իհարկե, որովհետև, եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ լինելով ղարաբաղցի, սա իհարկե անընդունելի հիմնավորում է, բայց կարող էր նույնպես ասել, որ «ես Ղարաբաղը կարող եմ ներկայացնել այս բանակցություններում», Նիկոլ Փաշինյանը շատ իրավացիորեն ասում է հետևյալը՝ «ես ընտրված չեմ եղել Ղարաբաղի Հանրապետության բնակչության կողմից, ես կարող եմ խոսել միայն Հայաստանի անունից»։ Այսինքն՝ առաջացել է շատ լրջագույն խնդիր՝ բանակցային ձևաչափի ճգնաժամ, որի գլխավոր հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը նաև այն մարդն է, որը ոչ միայն, փաստորեն, Ղարաբաղին զրկեց միջազգայնորեն ճանաչված այս հակամարտության կողմի կարգավիճակից, նա նաև միակ հայոց ղեկավարն է, որն ընդունել է, համաձայնվել է այն պլանի հետ՝ ընդհանուր պետություն նկատի ունեմ, որ Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, և հիմա այդ մարդը բանտից հարցազրույց է տալիս, որտեղ ասում է, որ «ես խանգարելու եմ Ղարաբաղի հանձնման այս գործընթացին»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG