Մատչելիության հղումներ

ԿԸՀ ղեկավարը պնդում է, որ իր պաշտոնավարման տարիներին ընտրությունների արդյունքները չեն կեղծվել


ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյան, արխիվ

Մուկուչյանն Ազգային ժողովում հաղորդում էր ներկայացնում անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Տիգրան Մուկուչյանը պնդում է՝ իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել:

ԿԸՀ-ը Մուկուչյանը ղեկավարում է 2011 թվականից: Այս տարիներին ընդդիմադիրները մեկ անգամ չէ, որ կասկածի տակ են առել ընտրությունների արդյունքները: Այդ ընթացքում անցկացված 4 համապետական՝ 3 խորհրդարանական ու մեկ նախագահական ընտրություններից միայն 2018 թվականի արտահերթ խորհրդարանականի արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում։

«Էնպես չի եղել գոնե 2012 թվից այս կողմ, որ քվեատուփից հանվեն քվեաթերթիկներ և դրանք արտացոլեն այլ պատկեր և այլ կերպ արձանագրվեն արձանագրություններում։ Մինչ այդ ընտրողի կամքի հետ կապված հնարավոր են դեպքեր, որ տեղի ունեցած լինեն», - նշեց Մուկուչյանը։

«Իմ քայլից» Սարգիս Խանդանյանը ուզում էր իմանալ․ - «Հայտնի է, որ Հայաստանում մինչև 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները նախորդող գրեթե բոլոր ընտրությունները ուղեկցվել են կեղծիքներով, Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության լուրջ խախտումներով: Ինձ հետաքրքրում է՝ տեխնիկապես ավելի բա՞րդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյունքները նախապես հայտնի են և ուղեկցվում են Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության խախտումներով, թե՞ ավելի բարդ էր կազմակերպել վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները չվիճարկվեցին և, որ բոլորիս է հայտնի, չեղան խախտումներ»:

Մկրտչյանը պատասխանեց. - «Բոլոր ընտրությունների ժամանակ էլ Կետրոնական ընտրական հանձնաժողովը իր գործունեությամբ փորձել է հետամուտ լինել պահպանել Ընտրական օրենսգիքի պահանջները»։

Մուկուչյանն Ազգային ժողովում հաղորդում էր ներկայացնում անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Եզրակացրեց՝ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն:

«Կարող ենք փաստել, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ընտրության արդյունքները, նաև Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների, ո՛չ արտադատական և ո՛չ էլ դատական կարգով որևէ մեկի կողմից չվիճարկվեցին, դրանց նկատմամբ որևէ անվստահություն չներկայացվեց: Ընտրության արդյունքներն ընդունվեցին թե՛ ընտրողների, թե՛ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և թե՛ քաղաքացիական հասարակության կողմից», - ընդգծեց ԿԸՀ ղեկավարը։

«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը հարցրեց․ - «Անցյալ տարի մենք ունեինք նույն օրենսգիրքը, նույն հիմնական ընտրություններ կազմակերպող ինստիտուտը՝ նույն մարդկանցով: Ո՞րն է տարբերությունը, որ մենք ունեցանք բացարձակ տարբեր ընտրություններ: Արդյո՞ք միայն քաղաքական կամքն էր այստեղ դերակատարում ունեցել, թե՞ ձեր գործունեության մեջ որոշակի տարբերություն էր առկա»։

«Պետական տարբեր մարմինների միջև, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովների, ձևավորվել էր լրջագույն ակտիվ համագործակցություն, ինչը մեծապես նպաստում է ընտրական գործընթացների ավելի պատշաճ կազմակերպմանը», - արձագանքեց Մուկուչյանը:

Երբ Մուկուչյանը նշեց, թե անցած ընտրությունների նաև հրահանգավորված քվեարկության մասին փաստեր չեն ունեցել, ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. - «Հարցրել եմ զինվորի, որին հաճախակի կարողացել ենք օգնել, ո՞ւմ եք քվեարկել, ասել է՝ պարոն Բագրատյան, մեզ ասել են, որ պետք է «Իմ քայլին» քվեարկենք։ Ինձ մտահոգել է էդ հանգամանքը դրա համար եմ հնչեցնում և ասեմ, որ դա «Իմ քայլի» հարցն էլ չի, այլ մի այլ երևույթ կա, որ մենք պետք է պարզաբանենք։ Այսինքն մարզպետը գնում է հանդիպման, գյուղապետերը հավաքվում են, հանդիպում են, այլևս գյուղապետին հասկանալի է դառնում, որ ինքը պետք է քվեարկի մարզպետի կուսակցության օգտին»։

Մուկուչյանն արձագանքեց․ - «Ես փորձեմ նույն օրինակով հակադարձեմ: Իմ հարազատ եղբոր որդին ևս ծառայում ա Զինված ուժերում, ես հետաքրքրվել եմ, և հստակ ասել է, որ քվեարկել են բոլորովին ազատ»:

Բագրատյանի հայտարարությունը անարձագանք չթողեց իշխանական «Իմ քայլից» Սիփան Փաշինյանը պահանջելով փաստեր․ - «Կխնդրեյի պարոն Բագրատյանին, որ եթե ունի տվյալներ, փաստեր, տեղեկություններ, իրավապահ մարմիններին անպայման տեղյակ պահի, որովհետև շատ ծանր մեղադրանք է հնչում», - ասաց Սիփան Փաշինյանը։

Վաղը պատգամավորները նաև ելույթ կունենան, բայց ԿԸՀ-ի նախագահի հաղորդումը չի դրվում քվեարկության, այն ի գիտություն է ընդունվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG