Մատչելիության հղումներ

Փողոցաշինության արդյունքում Գյումրի քաղաքի կանաչապատ տարածքները խիստ տուժում են. Բնապահպան


Գյումրի համայնապատկեր, արխիվ
Գյումրի համայնապատկեր, արխիվ

Գյումրին թեև չունի ցեմենտի գործարան, բայց օդի աղտոտվածությամբ չի զիջում Հրազդանին ու Արարատին:

Օդում փոշու կոնցենտրացիան Գյումրիում բավականին բարձր է: Բնապահպան Գևորգ Պետրոսյանը դա պայմանավորում է անբարեկարգ փողոցներով ու կանաչ տարածքների սակավությամբ:

«Կանաչապատ տարածքների հիմնական մասը գտնվում է քաղաքի ծայրամասային հատվածներում, քաղաքի կենտրոնական հատվածը խիտ կառուցապատված է ու կետային կառուցապատումների հետևանքով, բակային կառուցապատումների հետևանքով անընդհատ կանաչապատ տարածքները քաղաքի կենտրոնական հատվածում նվազում են», - նշեց Պետրոսյանը։

Թե որքան կանաչ տարածք ունի Գյումրին, այսօրվա քննարկմանը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի ներկայացուցիչ Արման Շաբոյանը. - «Գյումրի քաղաքում, վերջին տարիների տվյալներով, 130 հեկտարի կարգի կանաչ տարածք ունի։ Համեմատության համար ասեմ, որ խորհրդային տարիներին դա եղել է մոտավորապես 630 հեկտարի կարգի»։

Հարցին, թե արդյոք հաշվարկ կա, թե Գյումրիին, ելնելով բնակչության թվից, որքան կանաչ տարածք է անհրաժեշտ և որքան գումար կպահանջվի, որ քաղաքն ունենա պահանջված կանաչ տարածքները, Շաբոյանը պատասխանեց. - «Մեկ անձին հասնող տարածքում 20-25 քառակուսի մետր է հասնում մեկ բնակչին․ մոտավոր 250 հեկտար պետք է կանաչ տարածք ունենա քաղաքը, որ լինի նորմայի մեջ։ Գումարային տեսակետից չեմ կարող ասել։ Տարիների տեսակետից՝ եթե յուրաքանչյուր տարի 10 տոկոս ավելացնենք հնգամյա զարգացման ծրագրում ու էդպես պատկերացրեք՝ թիվը կհասնի մոտ 30-40 տարի հետո նորմային»։

Գևորգ Պետրոսյանը խոսեց քաղաքում ընթացող փողոցաշինական ծրագրից, որն ընթանում է բնապահպանական մի շարք չափորոշիչների խախտմամբ:

«Էս պահին փողոցաշինության արդյունքում Գյումրի քաղաքի կանաչապատ տարածքները խիստ տուժում են։ Գազոնային հատվածներում, մայթային հատվածներում, նույնիսկ ծառերի շատ մասը, թփերի հսկայական քանակություն ընդհանրապես կտրվել է, իսկ մյուս հատվածը արմատը բաց թողած, փորած, արմատները բաց էս ձմեռվա պայմաններում, մնացել են, իհարկե, դրանք վնասվելու են, իհարկե, դրանք տուժելու են սրա արդյունքում, ողջ շինաղբը լցվում է էդ գազոնների մեջ, հետո նույն խնդիր է լինելու, էդ գազոններում լավ չի աճելու ո՛չ սիզամարգը, ո՛չ ծառերը, այսինքն էսօր պետք է լուրջ վերահսկողություն ծավալել, ու էդ վերահսկողության թիվ մեկ մարմինը ՏԻՄ-ն է։ ՏԻՄ-ը պետք է վերահսկի, պետք է թույլ չտա, որ էդ շինաղբը լցվի մեր գազոնների մեջ», - ընդգծեց Պետրոսյանը։

Փողոցաշինական ծրագիրն առաջիկայում կվերսկսվի, դրա ավարտին զուգահեռ կմեկնարկի Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի տրամադրած 23,8 միլիոն եվրո ծրագրի երկրորդ փուլը, որն ընդգրկելու է 33 փողոց:

Մինչև հունիսի 30-ը ավարտվելու է առաջին փուլով նախատեսված փողոցների շինարարությունը: Գյումրիի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ գորտիներում, տարիներ առաջ, շինություններ են օրինականցվել, կամ հիմա հանդիպում ենք գրությունների, որ կանաչ տարածքը վաճառվում է:

Իրավական տեսանկյունից Արման Շաբոյանը մեկ լուծում է տեսնում. - «Եթե նախկինում էդ հողատարածքը ինչ-ինչ ձևակերպումներով վաճառվել է մարդուն, որը փաստացի ներկայումս սեփականատեր է և գրել է վաճառվում է, միակ տարբերակը, որ համայնքը կարող է անել, դատական կարգով տվյալ օտարված կանաչ տարածքը վերականգնել, դարձնել համայնքային կանաչ գոտի»։

Տեղական ինքնակառավարման մարմիններն անտեսում են բնապահպանական կոմպոնենտը, ասում է Գևորգ Պետրոսյանը, քանի որ դրա արդյունքը միանգամից չի երևում, այլ մի քանի տասնամյակ անց: Իսկ համանքապետերը սովորաբար, ըստ վերջինիս, ձգտում են իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքը անմիջապես տեսանելի է՝ դրանով ցույց տալով, որ լավ են աշխատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG