Մատչելիության հղումներ

Հայաստանի իրավապահները, ԿԲ-ն անելիքներ ունեն․ ԱԺ պատգամավորները՝ «Տրոյկա լվացքատան» մասին


Պատգամավոր Հայկ Գևորգյան, արխիվ
Պատգամավոր Հայկ Գևորգյան, արխիվ

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի, 20 հանրահայտ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հետք»-ի հրապարակած «Տրոյկա լվացքատուն» անվանումը ստացած հետաքննությունից հետո, Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծիք է հայտնում, որ Հայաստանում իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք գործած սխեմաները որևէ առնչություն ունեցել են Հայաստանի հետ։

«Առաջին հերթին մեր իրավապահների ուշադրության կենտրոնում պիտի լինի, թե էդ սխեմաները Հայաստանի հետ ինչպե՞ս են առնչվել, որովհետև էնտեղ կային հրապարակումներ, որ էդ սխեմաներում ներառված են եղել նաև հայկական բանկեր, բայց չեմ բացառում, որ կոնկրետ հայկական բանկերի հետ եղել են լրիվ օրինական, նորմալ միջբանկային փոխանցումներ, որոնք բոլոր բանկերի հետ հայկական բանկերը ունեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գևորգյանը։

Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի հետաքննությունից հետո «Հետք» պաբերականը, մասնավորապես, պարզել է, որ «Տրոյկա Դիալոգ»-ից ավելի քան 760 փոխանցումներ են եղել Հայաստան՝ ընդհանուր թվով 150 անձանց և ընկերությունների, փոխանցված ընդհանուր գումարը կազմել է 112 միլիոն եվրո և 148 միլիոն դոլար։

«Ամերիա բանկը կապվում է Ռուբեն Վարդանյանի հետ, թե իմաստով պետք է նայել՝ որքանո՞վ կարող է դա ազդել մեր բանկային համակարգի վրա, մեր ֆինանսական շուկայի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ», - ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը։

Պատգամավոր Մանե Թանդիլյան, արխիվ
Պատգամավոր Մանե Թանդիլյան, արխիվ

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ Հայաստանում գործում է փողերի լվացումը կանխարգելող օրենսդրություն, իսկ Կենտրոնական բանկն ունի վերահսկող գործառույթ, որը պետք է ուսումնասիրություններ կատարած լիներ։

«Պետք է նախ ուսումնասիրել, թե Կենտրոնական բանկը արդյո՞ք ստացել է նման հայտարարագիր գործարքների մասին, և ինչպիսի՞ն են գնահատվել այդ գործարքները, ի՞նչ ռիսկայնությամբ, եթե բարձր ռիսկայնությամբ, արդյո՞ք պատշաճ ուսումնասիրություն կատարվել է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկը նույնպես պետք է հայտարարությամբ հանդես գա», - ասաց Թանդիլյանը։

Կենտրոնական բանկից տեղեկացանք, որ առնվազն այսօր պազաբանումներ չեն պատրաստվում տարածել։ Այնուամենայնիվ, Մանե Թանդիլյանի կարծիքով հետաքննության հրապարակումից հետո Կենտրոնական բանկի պարզաբանումները կարևոր են՝ հասկանալու արդյո՞ք տարիներ առաջ արված փոխանցումները պատշաճ ուշադրության արժանացել էին։

«Առնվազն այս կողմից ինչպիսի՞ ուսումնասիրություն և ի՞նչ պատշաճ ուշադրություն է դարձվել տվյալ գործարքներին, որովհետև ակնհայտ է, որ դրանք, գոնե ինձ համար պարզ է՝ օֆշորային կազմակերպություններից փոխանցումներ են։ Եթե այդպես է, պետք է հանրությանը տեղյակ պահել և կատարել բացահայտումներ հավելյալ՝ ապահովելու համար մեր բանկերի հեղինակությունը։ Լռությունը ինքնին բացասական հետևանք կարող է ունենալ», - ասաց Թանդիլյանը։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման կենտրոնի հայաստանյան գործընկեր «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նկատում է՝ դեպի հայստանյան բանկեր հոսած մոտ 275 միլիոն դոլարը փոքր գումար է համեմատած միլիարդավոր դոլարաների հետ, որ 2005-ից 2011 թվականներին շրջանառվել են «Տրոյկա Դիալոգի» միջոցով։

Այնուամենայնիվ, լրագրողների մանրադիտակի տակ են։ «Տրոյկա դիալոգ»-ի գործընկեր «Յուկիո» բանկից փոխանցում է ստացել նաև ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, 700 հազար դոլար։

«Պատասխան ստացել ենք, մի քիչ դեռ աշխատում ենք դրա վրա։ Կան հայտնի հայերի անուններ Ռուսաստանից, հայաստանյան ընկերություններ կան, որոնց փոխանցումներ են եղել։ Մի ընկերություն կա, որտեղ փոխանցումից հետո լուծարվել է։ Էդպիսի պատմություններ էլ կան», - ասաց Էդիկ Բաղդասարյանը։

«Ազատության հարցին», թե Ծառուկյանին ինչքա՞ն է փոխանցվել, պատասխանեց. «700 հազար դոլար։ Ինքը ասում է, որ ցեմենտ է վաճառել»։

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գրասենյակը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ «Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է թափանցիկության և ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտներին համապատասխան։ Իսկ 2012-ի թվականին «Սբերբանկ»-ին «Տրոյկա Դիալոգ»-ի վաճառքից հետո Վարդանյանն իր ժամանակի և ռեսուրսների մեծ մասը ուղղել է մարդասիական գործունեությանը, նշված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG