Եվրոպացի բժիշկները հաղորդել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի լիակատար բուժման մասին: Դա համարվում է այդ հիվանդությունից ամբողջությամբ բուժվելու ընդամենը երկրորդ դեպքը բժշկության պատմության ընթացքում:
Լոնդոնում բնակվող հիվանդին, որի անունը չի հաղորդվում, բուժել են ցողունային բջիջներ պատվաստելու միջոցով: Այդ մասին հայտնել է Nature գիտական հանդեսը:
Այս դեպքը համարվում է գիտական խոշոր նվաճում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման ասպարեզում:
Nature հանդեսը հաղորդում է, որ հիվանդի մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ են հայտնաբերել 2003 թվականին, ավելի ուշ նրա մոտ նաև քաղցկեղ են հայտնաբերել:
Այդ հիվանդը 2016 թվականին համաձայնել է անցնել ցողունային մեթոդով քաղցկեղը բուժելու կուրս:
Բժիշկները գտել են մի դոնորի, ով գենետիկ մուտացիայի բերումով դիմացկուն է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Պատվաստումը հիվանդի մոտ էլ է առաջացրել այդ դիմացկունությունը:
Տասը տարի առաջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից ամբողջությամբ բուժվել է Թիմոթի Բրաունը, որին այն ժամանակ ներկայացրել են միայն իբրև «Բեռլինի հիվանդ»:
Բրաունն այսօրվա դրությամբ լիովին առողջ է, սակայն նրա բուժումը բացատրություն չի ստացել:
Բժիշկները փորձել են նույն մեթոդներով բուժել ուրիշ հիվանդներին, բայց հաջողության չեն հասել:
Ենթադրվում է, որ այսօր աշխարհում մոտ 37 միլիոն մարդ հիվանդ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով:
1980 թվականից ի վեր այդ հիվանդությունից մահացել է մոտ 35 միլիոն մարդ:
Բժիշկներին այս ընթացքում հաջողվել է ստեղծել արդյունավետ դեղամիջոցներ, որոնք հիվանդների մեծ մասին օգնում են երկար տարիներ պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, սակայն ամբողջական և վերջնական բուժում դեռ չեն երաշխավորել: