Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին կես տարի է տվել՝ ավելորդ քաշից ազատվելու համար: Նախօրեին, հանդիպելով ակտիվիստներին ու տեղական համայնքների ղեկավարներին, Շավքաթ Միրզիյոևը պնդել է՝ իրավապահները պետք է նիհարեն: «Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող են հանցագործներին բռնել», - պնդել է Միրզիյոևը՝ հավելելով․ - «Թող սպորտով զբաղվեն, դա ոչ թե ինձ համար է, այլ՝ իրենց առողջության: Մենք նրանց ժամանակ ենք տալիս՝ 3-6 ամիս, թող այդ ընթացքում իրենց կարգի բերեն»:
Ավելորդ քաշի ու առողջ ապրելակերպի մասին Միրզիյոևը խոսել էր նաև անցած տարեվերջին, պնդելով, թե «սխալ սննդի և քիչ շարժվելու պատճառով Ուզբեկստանի բնակչության կեսը ավելորդ քաշ ունի, 31 տոկոսը՝ արյան բարձր ճնշում»:
«Ազատության» ուզբեկական ծառայության հաղորդմամբ, նախագահի այդ ելույթից հետո պետական մի շարք կառույցներ պահանջում են աշխատակիցներից նիհարել, որոշ դեպքերում նաև հանձնարարականներ և ուղեցույցներ բաժանում՝ այդ նպատակին հասնելու համար: