Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ Քոչարյանի վրա էլ դրվի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փոխհատուցումը․ Մարուքյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Մարտի 1-ի ոճրագործության զոհերի իրավահաջորդներին և վիրավորներին փոխհատուցում տրամադրելու նախագիծն անցումային արդարադատության ենթատեքստ ունի, ասում է նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Ի վերջո, երկար տարիներ մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին որևէ աջակցություն չեն ստացել։ Փոխհատուցում են ստացել նույնիսկ մարդիկ, որոնց ավտոմեքենաներն ու խանութների ցուցափեղկերն են վնասվել այդ իրադարձությունների ժամանակ, բայց 10 զոհերի իրավահաջորդները որևէ փոխհատուցում չեն ստացել և, բնականաբար, դա խաթարում է արդարության սկզբունքը։ Կարծում եմ, քանի որ զուգահեռ նաև ընթանում է Մարտի 1-ի բացահայտման գործընթացը, ճիշտ ժամանակն է, որ նաև փոխհատուցում տրվի մարդկանց», - նշեց Լենա Նազարյանը։

Օրենսդրական նախաձեռնությունը դեռևս շրջանառության մեջ չի դրվել: Ազգային ժողովի փոխնախագահը ենթադրում է՝ միանվագ վճար կլինի:

«Դա ավելի շատ քաղաքական նախագիծ է, եթե այդպես կարելի է ասել։ Հիմնական որոշումը թողնված է կառավարությանը, այսինքն՝ փոխհատուցման պայմանները, կարգը, ժամկետը, չափանիշները», - ընդգծեց Նազարյանը։

Զոհերի իրավահաջորդներին և տուժողներին, որոնց մեկ տասնամյակ անտեսել էր նախկին իշխանությունը, նպատակահարմար է, որ փոխհատուցում տրվի ուղիղ կառավարության որոշմամբ, ոչ թե դատարանի, ասում է Նազարյանը՝ կարծիք հայտնելով, որ դատական ճանապարհով ավելի երկար ժամանակ կպահանջվի:

«Կարծում եմ, քանի որ այդ մարդիկ նաև դիմել են Եվրոպական դատարան և շուտով կհրապարակվեն նաև վճիռներ, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը առաջինը անի այդ քայլը, այլ ոչ թե անի միջազգային ատյանի թելադրանքով կամ պարտադրմամբ», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Փոխհատուցման մասին օրենսդրական նախաձեռնությունը քաղաքական բովանդակություն ունի, ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Եթե օրենսդրորեն է փոխհատուցումը ամրագրվում, նշանակում է պետությունը տեր է կանգնում իր քաղաքացուն, ասում է նա։

«Տարիներ են անցել, արդեն 11-րդ տարին է. պետք է զոհերի հարազատները իմանան, որ պետությունը տեր է կանգնում իրենց, որովհետև նաև տվյալ փուլի պետության անկայունության արդյունքում է այդ ամեն ինչը եղել, կարելի էր կառավարության որոշմամբ անել, բայց եթե հատուկ օրենք է ընդունվում, դա նշանակում է նաև հատուկ օրենքով պաշտպանված գործընթացներ են իրականացվում, որոնք անվերապահ պետք է կատարվեն», - նշեց Մելքումյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ էդմոն Մարուքյանը մինչ նախաձեռնությանը ծանոթանալը, որոշակի առաջարկներ արդեն ունի:

«Դրա ընդունվելու պարագայում պետք է պետական բյուջեից դա անենք, բայց երբ որ 10 զոհերի սպանողները, կազմակերպիչները, հրաման տվողները բացահայտվեն, դատարանի կողմից ճանաչվեն մեղավոր և մեղադրական դատավճիռներ արձակվեն, կարծում եմ, էդ գումարը, եթե այդ ժամանակ տված լինեին, պետք է ռեգրեսով նրանք հետ վճարեն պետությանը, եթե ոչ, ապա տուժողների ընտանիքներին», - ասաց Մարուքյանը։

Մարտի 1-ի գործով կալանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրյալի կարգավիճակում են նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Այս խմբին մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս մեղադրանքով կալանավորվածներից էլ հետագայում կարող են բռնագանձել փոխհատուցման գումարը:

«Ռոբերտ Քոչարյանը հիմա դատվում է սահմանադրական կարգի տապալումով։ Չի բացառվում, որ կարող է Ռոբերտ Քոչարյանի վրա էլ դրվել, էդ արդեն հիմա ես չեմ կարող ասել, ինչպես է գնում քննությունը, բայց չի բացառվում, որ, այո, նաև նրա մեղավորությունը հաստատվելու հանգամանքով դատարանը կարող է նրա վրա էլ դնել այն բոլոր ծախսերը, բոլոր վնասները, որ պետությունը կրել է և քաղաքացիները կրել են», - նշեց Մարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG