Մատչելիության հղումներ

Գանձաքարում նոր ստեղծված ֆերմերային տնտեսությունները մթերման խնդրի առաջ են կանգնել


Գանձաքարում նոր անասնաֆերմա ստեղծած Վահե Ներկարարյան, 2-ը մարտի 2019 թ.

Գանձաքարցի Վահե Ներկարարյանը գյուղում մեծ անասնաֆերմա հիմնելու մտադրություն ունի: Այս տարի 40-ով խոշոր եղջերավորների թիվն ավելացրել է։ Թեև վարկով, բայց վստահ է, թվաքանակը ավելացնելու դեպքում արդյունքը տեսանելի կլինի:

«Եթե զբաղվում եմ, պիտի է ավելի շատ ունենամ, եթե պիտի ունենամ չորս հատ, մեկ ա՝ էդ, կոպիտ ասած, հոտը պիտի գա իմ վրից», - ասում է Ներկարարյանը։

Վերջին 2 տարիներն Տավուշի մարզի Գանձաքար գյուղում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի աճ է գրանցվել, մի քանի նոր ֆերմաներ են ստեղծվել: Խորհրդային տարիներից հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղում այդ թիվը տարիներ շարունակ միայն նվազում էր: Գյուղապետի տեղակալ Անաստաս Հակոբյանի խոսքով՝ մշակովի հողերը տարիների ընթացքում արոտավայրերի էին վերածվել։ Մարդիկ դադարել են մշակել հողերը՝ ջուր ու գյուղտեխնիկա չունենալու պատճառով։

«Խոշորացել է նրա համար, որ հիմնականում կոպիտ կերով են կերակրում՝ խոտով, խոտն էլ խոտհարկերից՝ բնական, քիչ ծախսերով առնում են, պահում են։ Քանի որ վարելահողերը չեն վարում, գարի, ցորեն, եգիպտացորեն չեն մշակում, թռչնաբուծությունը, խոզաբուծությունը չի զարգանում», - ասաց Անաստաս Հակոբյանը։

Այժմ էլ Գանձաքարում ընդլայնված և նոր ստեղծված ֆերմերային տնտեսությունները մթերման խնդրի առաջ են կանգնել։ Ասում են՝ երկրում անասնապահությանն ուղղված համակարգային մոտեցում չկա։ Իրենք ավելացնում են գլխաքանակը՝ հույս ունենալով, որ գոնե նոր կառավարությունը գյուղատնտեսությանը ուշադրություն կդարձնի, գոնե կկատարվեն նախորդ կառավարություններից լսած և այդպես էլ իրականություն չդարձած խոստումները։

Անասունների գլխաքանակն աճում է, բայց գյուղի մասնագետների խոսքով, նվազում է մթերատվությունը։ Պատճառը տոհմային աշխատանքների իսպառ բացակայությունն է։ Գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանի համոզմամբ՝ եթե կառավարությունը հավանություն տա նոր ցեղատեսակներ գյուղ ներմուծելու իրենց առաջարկին, գյուղացիները կրկնակի արդյունք կստանան։

«Եթե տարեկան մի կովը տալիս է 1000֊1500 լիտր կաթ, ավելի լավ է էդ ցեղատեսակի անասուններ պահեն՝ կաթնատվությունը, եկամտի աղբյուրը կավելանա, մարդիկ ավելի լավ կապրեն», - ընդգծեց Գանձաքարի համայնքապետը։

Քննարկելով նոր կառավարության ծրագրում գյուղատնտեսությանը վերաբերվող կետերը՝ Գանձաքարի ֆերմերները չեն շտապում դրական ակնկալիքներից խոսել. ֊ «Գյուղատնտեսությանն, ասում են, օժանդակեք, օգնեք, բայց մենք էդ գյուղատնտեսության մեջ ապրող մարդիկ ենք ու ոչ մի բան էլ չենք տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG