Մատչելիության հղումներ

Մարտյան իրադարձություններից 11 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ստացան նախկին իշխանության ներկայացուցիչները


Մարտի 1-ի բողոքի ակցիա, արխիվ
Մարտի 1-ի բողոքի ակցիա, արխիվ

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի մասով հայտարարվեց նախաքննության ավարտի մասին և գործն ուղարկվեց կողմերին՝ ծանոթացման:

Մարտյան արյունալի իրադարձություններից 11 տարի հետո մեղադրյալի կարգավիճակ ստացան նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը և Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի մասով հայտարարվեց նախաքննության ավարտի մասին և գործն ուղարկվեց կողմերին՝ ծանոթացման:

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է, թե առանց իշխանափոխության Մարտի 1-ը չէր բացահայտվի. - «Մարտի 1-ի գործի բացահայտում կամ էս գործով արդար քննություն բացառված էր նախկին իշխանությունների օրոք, որովհետև արդեն իսկ էս գործով ակնհայտ է դառնում, որ այդ գործի համար մեկ պատասխանատուները նախկին իշխանության էն անձինք էին, ովքեր կրում էին էդ իշխանությունը, և միակ հնարավոր տարբերակը բացահայտման իշխանափոխությունն էր։ Իշխանափոխությունից անմիջապես հետո գործուն քայլեր սկսվեց Մարտի 1-ի գործի բացահայտման համար»։

ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 11 տարի առաջ նախագահական ընտրությունների ժամանակ իր համախոհների և քաղաքացիների հետ պահանջում էր չեղյալ համարել քվեարկության արդյունքները։ Բողոքի ակցիաները, սակայն, վերածվեցին բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում ոստիկանական զորքերի երկու ծառայող։

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ ապացույցները առավել քան բավարար են առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար։

«Եղած ապացուցողական բազան ուղղակիորեն ավելի քան բավարար է այդ մեղադրանքը հիմնավորելու համար: Բայց մենք չենք ցանկանում էդ կետում կանգնել, նախաքննությունը պիտի կոնկրետ սպանությունների արդեն անհատական հանգամանքների վրա էլ կենտրոնանա։ Սա այն միջավայրն ու պայմաններն են, որի շրջանակներում կյանքի իրավունքի երաշխիքը անէացել է», - ընդգծեց Գրիգորյանը։

Մինչդեռ մեղադրյալները ոչ միայն չեն ընդունում մեղադրանքը, այլև պնդում են, թե արդարադատության համար հարկավոր էր բացահայտել սպանության հանգամանքները։

Կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը շեշտում է՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու հոդված չկար, և Քոչարյանին նման մեղադրանք առաջադրելը սխալ է։

«Մենք հենց առաջին օրվանից ասել ենք, որ 300.1 հոդվածով մարդ չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել 2008 թվականի համար, նախագահը օժտված է անձեռնամխելիությամբ և այլն։ Դրանից բացի, այսինքն եթե նույնիսկ դա կողք թողնենք, գործընթացը հետևյալն է․ ապացուցման գործընթացը իրավական դաշտում լինում է սենց. կա մեղադրանք, որը հիմա մեղադրանք առաջադրելու որոշումն է, հետո մեղադրական եզրակացությունն է, եթե հաստատվեց վերջում դատախազի կողմից, որը նկարագրում է իր մեջ համապատասխանաբար էն արարքները, որը կատարել է անձը, որը պետք է հետո որակվի ինչ-որ հոդվածի տակ։ Այսինքն, պայմանական, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 300.1 հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար ու հետո տալիս է նկարագիր, հետո փաստերով պետք է էդ արարքները նկարագրեն։ Մեղադրանքի մեջ չկան դրա տակ ընկնող արարքներ», - նշեց Օրբելյանը։

Պաշտպանության նախկին նախարար, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանը ևս չի ընդունում մեղադրանքը․ - «Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այնտեղ այնպիսի խնդիրներ կան, որոնք վերաբերում են կոնկրետ դատական օրգանների որոշումներից ելնելով գործողություններին: Օրինակ, յուրացվել է իշխանությունը, այլ մարդկանց հետ հանցակցությամբ, ասենք, զավթվել է իշխանությունը։ Յուրացնել իշխանությունը նշանակում է կամ զավթել, կամ պահել։ Ո՞ր դատական օրգանի կողմից է այն հաստատվել, որ մենք զավթել ենք կամ ո՞վ է այն անձնավորությունը և ո՞ր դատարանի կողմից է հաստատվել», - ասաց Օհանյանը։

Օհանյանը շեշտում է, թե զինված ուժերը չեն կրակել ցուցարարների վրա։

Նոր իշխանությունների օրոք արդեն հայտարարվեց Մարտի 1-ի քրեական գործում նոր զարգացումների մասին։ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն անցած ամիսների ընթացքում հայտարարեց, որ Զինված ուժերը իսկապես ներգրավված են եղել ներքաղաքական գործընթացներում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրությունն իրականում վերածվել էր ռազմական դրության, բանակը կրակել է մարդկանց վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG