Մատչելիության հղումներ

Մարտի 1-ը եղել է, քանի որ Քոչարյանը ստեղծել էր համակարգ, որ որևէ վերահսկողության ենթակա չլինի. Մարուքյան


ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Մարտի 1-ը եղել է այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո այնպիսի համակարգ է ստեղծել, որ որևէ քաղաքացիական, խորհրդարանական վերահսկողության ենթակա չլինի, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ամեն մարտի 1-ին ես խոսել եմ այն մասին, որ Մարտի 1-ը և Հայաստանում քաղաքական սպանությունները, Հոկտեմբերի 27-ը, այդ գործերը չեն բացահայտվելու, քանի դեռ իշխանափոխություն չի եղել, միշտ դրա մասին եմ խոսել։ Նաև խոսել եմ այնպիսի քաղաքական համակարգի մասին, առողջ քաղաքական համակարգի մասին, որ այլևս երբևէ թույլ չի տա Մարտի 1-ի կրկնություն։ Այսօր վստահմամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ընտրության միջոցով իշխանափոխություն է եղել», - ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այն համակարգը, որը այսօր ձգտում են կառուցել, այլևս թույլ չի տալու «Մարտի 1-երի կրկնություններ»: «Պետք է ասեմ, որ Մարտի 1 չլինելու համար պետք է ստեղծել այնպիսի առողջ քաղաքական համակարգ, որտեղ կա քաղաքական ուժերի մրցակցություն, որտեղ կան ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները զանգվածաբար չեն ոտնահարվում, և որտեղ մարդիկ իրենց խախտված իրավունքների համար կարող են գնալ դատարաններ և վերականգնել», - ընդգծեց ԼՀԿ առաջնորդը։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է ամբողջական խորհրդարանական համակարգ, ամբողջական վերահսկողություն բոլոր մարմինների նկատմամբ։

«Մարտի 1-ը եղել է այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականին ամբողջ քաղաքական համակարգը ձևախեղել է, Հոկտեմբերի 27-ից հետո այնպիսի համակարգ է ստեղծել, որ որևէ քաղաքացիական, խորհրդարանական վերահսկողության ենթակա չլինի։ Հիմա խորհրդարանականներս ամեն ինչ անելու ենք, որ մենք այնպիսի հիմքեր դնենք, որ 10-15 տարի հետո մենք քաղաքականության մեջ չլինենք՝ եկող սերունդները նման խնդիր չունենան», - ընդգծեց Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG