Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման ղեկավարին


Բանտ Ռուսաստանում, արխիվ

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ Ռուսաստանը Բաքվին է արտահանձնել թալիշների ազգայնական շարժման ղեկավարներից Ֆահրոդին Աբասովին (Աբոսզոդա), ում պաշտոնական Բաքուն մեղադրում է օտարերկրյա կազմակերպությունների հանձնարարությամբ Ադրբեջանի պետականության դեմ գործելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու և սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչերի համար:

Ընդ որում, արտահանձնումն ուղեկցվել է սկանդալով ու մի շարք՝ մինչ այս պահը անպատասխան հարցերով:

Թալիշների անկախության համար տասնամյակներ շարունակ պայքարող Աբասովը, ով աջակցում էր նաև Ղարաբաղի անկախությանը, երկու օր առաջ անհետացել էր մերձմոսկովյան Լյուբերցիի քննչական մեկուսարանից: Ըստ փաստաբանի, ինչպես նաև հեղինակավոր Transparency International միջազգային կազմակերպության, արտահանձման հարցով դատական նիստից մեկ օր առաջ մեկուսարան էին այցելել իրավապահ համակարգի որոշ աշխատակիցներ, ինչ-որ թղթեր ներկայացրել, ենթադրաբար՝ Գլխավոր դատախազությունից, և իրենց հետ տարել ընդդիմադիր գործչին: Երկու օր շարունակ նրա գտնվելու վայրի և որպիսության մասին որևէ բան հայտնի չէր, և միայն այսօր Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաղորդեց, որ նա գտնվում է Բաքվում:

«Պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից օպերատիվ, անաչառ և արդյունավետ հետաքննություն իրականացնել», - հայտարարել է Transparency International իրավապաշտպան կազմակերպությունը, փաստելով՝ Ռուսաստանն ի սկզբանե չպետք է նրան ձերբակալեր. - «Միջազգային իրավունքն արգելում է մարդուն արտահանձնել մի երկիր, ուր նա կարող է կտտանքների ու դաժան վերաբերմունքի արժանանալ»:

62-ամյա գործիչը թալիշների ազգայնական շարժման ամենահայտնի առաջնորդներից էր, ով 90-ականների սկզբին ակտիվորեն մասնակցել է Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետության ստեղծմանը և դարձել ինքնահռչակ այդ կազմավորման խորհրդարանի նախագահ: 1994-ին` թալիշական ինքնավարության հռչակման անհաջող փորձից հետո, Աբասովը արտագաղթել էր Ռուսաստան, սակայն չէր դադարեցրել պայքարը հանուն թալիշների իրավունքների պաշտպանության ու անկախության: 2005-ին նա անգամ Երևան էր եկել և մասնակցել Թալիշագիտության առաջին միջազգային համաժողովին, ինչը Բաքվում գնահատել էին որպես անջատողականության ու դավաճանության վառ դրսևորում: Կրքերը է՛լ ավելի էին բորբոքվել, երբ երկու տարի առաջ, իր իսկ հիմնադրած ինտերնետային «Թալիշիստան» հեռուստաընկերության եթերում Աբասովը հայտարարել էր՝ թալիշական ազգայնական շարժումը մշտապես պաշտպանել է և կշարունակի աջակցել պաշտոնական Ստեփանակերտին:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ եթե Ղարաբաղի հայերը, կամ աշխարհի որևէ այլ անկյունում ապրող որևէ ժողովուրդ պայքարում է հանուն իր անկախության ու իրավունքների պաշտպանության, մենք լիովին աջակցում ենք նրանց: Ղարաբաղի հայերը բացառություն չեն: Մենք մեր պետականության համար պայքարի առաջին օրից մինչև հիմա կոչ ենք անում մեր ժողովրդին աջակցել Ղարաբաղի հայերին, Արցախի պետականության ճանաչմանը, և որ ամենակարևորն է՝ չպատերազմել Ղարաբաղի հայերի դեմ», - ասել էր Ֆահրոդին Աբասովը:

Թալիշ գործիչը հրապարակային ելույթներում ու հարցազրույցներում շարունակ պնդում էր՝ Բաքուն խտրական քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների հարցում և փորձում է ամեն գնով նրանց ձուլել ու մոռացության տալ նրանց ազգային ինքնությունն ու լեզուն: «Թալիշները պետք է ինքնավարություն ունենան», - հայտարարում էր Աբասովը՝ ընդգծելով, որ դրան կարելի է հասնել, եթե Ադրբեջանում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունները միավորվեն և պայքարեն իրենց իրավունքների պաշտպանության համար:

Ի դեպ, Աբասովը ձերբակալվել էր անցած տարվա սեպտեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումից մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG