Մատչելիության հղումներ

Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն․ Լուկաշենկո


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ռուսաստանի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր չափազանց կարևոր հայտարարություն է արել, որն ավելի իրական է դարձնում Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո ստեղծումը։ Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, ասել է Լուկաշենկոն, հավելելով, թե դեմ չէ, որ ընդհանուր արժույթի էմիսիոն կենտրոնը լինի Ռուսաստանում։ Սա այն հարցն է, որի շուրջ Մինսկն ու Մոսկվան չէին կարողանում պայմանավորվել։

Այսօր Մինսկում կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մեծ մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահն իրեն առաջարկել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության արժույթը դարձնել ռուսական ռուբլին, ի պատասխան՝ Բելառուսի նախագահն ասել է, որ, իհարկե, ընդհանուր արժույթը ռուբլին է լինելու, սակայն ոչ ռուսական, ոչ էլ բելառուսական ռուբլին, այլ նոր ընդհանուր ռուբլին:

Դրա հետ մեկտեղ, Լուկաշենկոն ըստ էության համաձայնել է, որ այդ նոր ռուբլու էմիսիոն կենտրոնը լինի Ռուսաստանում: «Ես այն կարծիքին եմ, որ կարևոր չէ, թե որտեղ կգտնվի էմիսիոն կենտրոնը: Կարևոր չէ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի», - ասել է Բելառուսի նախագահը:

Նա նաև ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման, և սրա հետ մեկտեղ, այսօրվա ասուլիսին պարբերաբար հայտարարել է, թե խոսք չկա այն մասին, որ Բելառուսը կորցնում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։

Խոսել է այսօր Լուկաշենկոն նաև իր նախագահության մասին, ընդգծելով, որ արդեն երկար տարիներ է աշխատում որպես նախագահ, դեմ չի լինի, որ երկիրը նախագահի մեկ այլ մարդ, սակայն ռուսների համար Լուկաշենկոն ավելի հարմար է, քանի որ նրանք Լուկաշենկոյին ճանաչում են, այսօր հայտարարել է Բելառուսի երկարամյա նախագահը։

Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ միավորման մասին հատկապես ակտիվ են սկսել խոսել Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններից հետո։ Անցած տարի Ռուսաստանում չորրորդ անգամ վեց տարով նախագահ է ընտրվել 66-ամյա Վլադիմիր Պուտինը, և նա գործող Սահմանադրության համաձայն 2024 թվականին նախագահ ընտրվելու իրավունք չունի։ Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետությունը Պուտինի իշխանությունը պահպանելու հավանական սցենարներից մեկն է: Սրանով է թելադրվում նաև Մոսկվայի կոշտ դիրքորոշումը Մինսկի հետ վերջին բանակցություններում. նոր ֆինանսական աջակցության դիմաց Մոսկվան պահանջում է իրական ինտեգրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG