Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը Վրաստանի հետ հարաբերություններում դրական միտումներ է նշում


Գրիգորի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը Պրահայում, 27-ը փետրվարի, 2019թ․
Գրիգորի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը Պրահայում, 27-ը փետրվարի, 2019թ․

Պրահայում կայացած ռուս-վրացական բանակցությունների հերթական հանդիպումից հետո Ռուսաստանի բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը:

Երկկողմ հարաբերություններում նա մի շարք դրական միտումներ է նշել՝ առևտրի բնագավառում տեսանելի աճ է արձանագրվել, զբոսաշրջության ոլորտում՝ գրեթե մեկուկես միլիոն ռուս զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան, տրանսպորտային հաղորդակցությունն է դրական զարգանում, ձգտում են լուծել հաճախակի երթևեկող վարորդների որոշ խնդիրները, մշակութային, հասարակական կազմակերպությունների կապերն են դրական զարգանում:

Ինչ վերաբերում է մտահոգություններին՝ Կարասինն ասել է, որ Վրաստանի բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպմանը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:

«Մեր կողմից մտահոգություն է հնչել տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի ու ԱՄՆ-ի ակտիվության աճի կապակցությամբ: Վրաստանի տարածքում բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, որոնցում ներգրավվում են նաև Հարավային Կովկասի մյուս պետությունները», - ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը: «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում Կարասինը Հայաստանի անունն է տվել՝ ասելով, թե, օրինակ, Վրաստանում անցկացվող զորավարժություններում ներգրավվում է նաև Հայաստանը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հանդիպումից հետո հեռախոսով հարցազրույց է տվել նաև «Կոմերսանտ» թերթին: Անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով առևտրային միջանցքները բացելու հարցին՝ Կարասինը հիշեցրել է, որ փետրվարի 6-ին համատեղ կոմիտեի նիստ է անցկացվել, աշխատանքային խումբ է ստեղծվել, և հուսով են, որ այն շուտով ձեռնամուխ կլինի տեխնիկական դետալների հստակեցմանը: «Մենք պատրաստ ենք ամբողջ ծավալով իրականացնել համաձայնագիրը», - ասել է նա:

Առևտրային միջանցքներ բացելու համաձայնագիրը Ռուսաստանն ու Վրաստանը ստորագրել են 2011 թվականին՝ Շվեյցարիայի միջնորդությամբ: Այդ միջանցքներով բեռնափոխադրումների վերահսկողությունն իրականացնելու է շվեյցարական մասնավոր ընկերությունը:

Կարասինն ասել է, որ հիմա շվեյցարացիները պետք է նշանակեն աշխատանքային համատեղ խմբի հաջորդ հանդիպման օրը, որտեղ փորձելու են լուծել մնացած գործնական հարցերը:

Հիշեցնենք, բազմիցս նշվել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքների բացումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ Ռուսաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհը անցում է լեռնային Վերին Լարսի անցակետով, որը հիմնականում եղանակային վատ պայմանների պատճառով ձմեռային ամիսներին հաճախակի փակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG