Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ հայ ժողովրդի խնդիրն է ի վերջո կարողանալ հաղթահարել այն պատմական ցիկլը, որը նրան ուղեկցում է Արշակունիների ժամանակներից՝ պետականության կորստի անընդհատ շրջապտույտը: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է երեկ Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում:
«Երբ մտածում եմ մեր հավաքական պատմական առաքելության մասին` առաջին միտքս այն է, որ միասին հաղթահարենք այն ցիկլը, երբ կորցնում ենք պետականությունը, երազում դրա մասին, վերականգնում այն, նորից կորցնում: Պատմական այս համայնքում խոսելով մեր պատմական առաքելության մասին` պետք է ընդգծել, որ այն մեկն է` սրբագրել մեր իսկ պատմությունը և դրա տրամաբանությունը», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:
«Դուք այստեղ հայտնվել եք, երբ մեր պետությունն ուժեղ չի եղել մեր նախնիներին պաշտպանելու համար: Վերջերս հաճախ հիշատակում եմ Պապ թագավորին, որովհետև մտածում եմ` ո՞րն է այն ժամանակը, երբ մեր պատմությունը ծռվեց, մեզ դրեց անընդհատ աղետների առաջ կանգնելու շրջապտույտի մեջ: Ես մտածում եմ, որ դա հենց Պապ թագավորի ժամանակներն էին, երբ ունեինք իսկապես հնարավորություն փոխել Հայաստանի և հայ ժողովրդի կարգավիճակը: Այդ ժամանակներից էլ ինչ որ բան սխալ գնաց, որովհետև այն ժամանակ այնքան էլ ընկալունակ չէինք տեղի ունեցող իրադարձությունների պատմականության վերաբերյալ, միասնական չէինք, չունեինք միասնական գիտակցություն», - ընդգծել է վարչապետը:
«Մեր հազարամյա փորձությունները հասցրել են մեզ մի հանգրվանի, որ մենք որպես ժողովուրդ հասունացել ենք՝ ունենալու հզոր պետություն: Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մենք որպես ժողովուրդ այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր իսկ եղբայրներին օգտագործեն մեր պետությունն ավերելու, քանդելու, թուլացնելու համար: Որովհետև սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է և մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ»:
«Մենք թույլ չենք տալու որևէ մեկի մտքով անցնի, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կարող է մեր ձեռքից խլել, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ենք, մենք Տիգրան Մեծի ժառանգներն ենք, մենք Պապ թագավորի ժառանգներն ենք և մենք ուղղելու են այն պատմությունը, որ խլվել է մեր ձեռքից», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ նաև «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի ներքո և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո: Մեզնից յուրաքանչյուրը` վարչապետ, թե՛ նախարար, պատգամավոր, թե՛ շինարար, Հայաստանում, թե՛ Սփյուռքում պետք է գիտակցի իր բացառիկ պատմական դերը», - ասել է Փաշինյանը:
«Երբ խոսում եմ մեր ունեցած պատմական դերի մասին` չեմ խոսում վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի կամ որևէ պետական մարմնի պատմական դերի մասին, խոսում եմ յուրաքանչյուր հայի պատմական դերի մասին: Ուզում եմ ստանալ ձեր լիազորությունը, որ հայտարարեմ` յուրաքանչյուր հայ տեր է իր պատմական առաքելությանը և իր ուսերին հպարտ կրելու է իր պատմական առաքելությունը», - նշել է վարչապետը:
«Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենան և հզորանան հավիտյան: Սա այլևս ժամանակավոր պետություն չէ, այս պետությունը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արյունով և քրտինքով և այս պետությունը պահելու ենք մեր սեփական արյունով, քրտինքով, աշխատանքով և մտքով, որովհետև հայ ժողովուրդը հզոր հավատի, կամքի տեր ժողովուրդ է», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով․ - «Ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:
Վարչապետը և նրա տիկինը Սպահանում այցելել են Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, շրջայց են կատարել համալիրում, եղել թանգարանում:
Հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ հանդիպումը կայացել է Սպահանի «Արարատ» ակումբում: Իրանահայերը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:
Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրան ավարտվել է: