Մատչելիության հղումներ

Համազգային թատրոն․ Լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մտավորականության մերժմանը


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, տնօրեն Արման Նավասարդյանը և ռեժիսոր Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը: 28-ը փետրվարի, 2019 թ․

Վերջերս ակտիվորեն քննարկվում է Մշակույթի նախարարությունում աշխատանքային շրջանառությամ մեջ դրված մի փաստաթուղթ, որը բողոքի ալիքի պատճառ է դարձել հատկապես թատերախմբերի և թատերասեր հանրության համար, քանի որ նախատեսվում է լուծարել որոշ թատրոններ: Խոսքը, մասնավորապես, Համազգային և Կամերային պետական թատրոնների մասին է:

Երեկ Թատերական գործիչների միությունը թատրոնների տնօրեններին և գեղարվեստական ղեկավարներին հրավիրել է՝ քննարկելու այս խնդիրը և իրենց տեսակետը հայտնելու:

Իսկ այսօր Համազգային թատրոնի ղեկավարներն ու դերասաններն էին հրավիրել լրագրողներին ՝ներկայացնելու իրենց կարծիքը և թատրոնի հայտարարությունը, որտեղ մեկ առ մեկ հերքվում են Մշակույթի նախարարի պարտականությւոնները կատարող Նազենի Ղարիբյանի որակումները Համազգայինի մասին՝ «Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա հիմնադրված թատրոն», «կուսակցական թատրոն», «ժանրային առանձնահատկություններ չունեցող թատրոն» և այլն:

Հայտարարությունն ընթերցեց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը՝ շեշտելով, որ թատրոնը մեծանուն Սոս Սարգսյանը Համազգայինը հիմնադրել է իր համախոհների՝ Դավիթ Հակոբյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Շահում Ղազարյանի և այլոց հետ, որոնցից և ոչ ոք նրա ուսանողը չի եղել:

«Համազգային թատրոնը երևէ չի սպասարկել որևէ կուսակցական շահ: Թատրոնի խաղացանկում չեն եղել կուսակցական գաղափարախոսություն տարածող ներկայացումներ», - հավելեց Նավասարդյանը:

Նրա խոսքով, թատրոնին հատկացվող պետական դոտացիան մասնակի է, այն ամբողջությամբ ուղղվում է աշխատավարձերի ֆոնդին, իսկ բեմադրությունների և մնացած ընթացիկ ծախսերը թատրոնը վճարում է տոմսերի վաճառքից և նվիրատվություններով ձևավորվող արտաբյուջեից:

«Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հայտարարում է, որ անկախ հակամշակութային հայտարարությունների, շարունակելու է իր գործունեությունը, և թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը», - իրենց տարածած հայտարարությունից մեջբերեց Արման Նավասարդյանը:

Թատրոնի հիմնադիրներից դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը հավելեց․ - «Էնպես չթվա, որ մենք արդարանում ենք մեր հայտարարության նախաբանում, թե չէ, թատրոնը չի հիմնվել ուսումնական կուրսի վրա, կարծես թե դա մի դժբախտություն է: Աշխարհի բոլոր կարգին թատրոնները հիմնվել են որևէ մեկի ուսանոցի հիման վրա, բոլորը՝ ՄԽԱՏ-ից սկսած մինչև Կոմեդի Ֆրանսեզ․․․ Մենք պարզապես ներկայացնում ենք այդ փորձագիտական խմբի տգիտությունը: Ավելին ասեմ՝ փորձագիտական խումբ չի եղել․․․ Եթե հիշում եք, մենք մի քանի ամիս առաջ նույն տիկին Ղարիբյանի հետ պրոբլեմներ ունեցանք՝ կապված մեր թատրոնի «թավշյա հեղափոխության» հետ: Եվ տիկին Ղարիբյանը էն ժամանակ էլ հայտարարություն արեց, որ եթե տնօրինությունը, ղեկավարությունը թատրոնի, որ Վիգեն Չալդրանյանն էր, և խումբը իրար հետ լեզու չեն գտնում, մենք կլուծարենք այդ թատրոնը: Այս հայտարարությունը ինքը արել է այն ժամանակ արդեն: Եվ հիմա նորից առիթը ստեղծվեց՝ դավայ, լուծարենք»:

Թատերախումբն ի վերջո դեմ չէ կառավարության կողմից հայտարարված օպտիմալացման, ավելորդ հաստիքների կրճատման քաղաքականությանը: Դավիթ Հակոբյանը դա նորմալ է համարում․ - «Բայց օպտիմալացնում են այնտեղ, որտեղ ոչինչ չի արվել, որտեղ պարզապես գումար է մսխվում, որտեղ անգործության է մատնված: Բայց օպտիմալացնել թռիչքի մեջ գտնվող կառույց, օպտիմալացնել գործող կառույց, օպտիմալացնել ապրող կառույց․․․ դա ոնց որ բժիշկը դիտավորյալ առողջ մարդու թոքը կտրի: Ես սա ոտնձգություն եմ համարում նաև հանդիսատեսի դեմ, որովհետև Համազգային թատրոնն ունի իր ձևավորված հանդիսատեսը, և փակել դռները հանդիսատեսի առջև, սա հակաժողովրդավարական քայլ եմ համարում: Պաշտոնապես հրավիրում եմ այն փորձագետներին՝ գլխավորությամբ Նազենի Ղարիբյանի, այսօր երեկոյան, ժամը 19-ին՝ դիտելու «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը: Թող գան դիտեն և որոշեն՝ արժի՞ լուծարել այս թատրոնը, թե՞ չարժի»:

Թատրոնի Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց․ - «Թատրոնը միշտ ներկան է, և գուցե ուղղակի իրենք տեղեկացված չեն մեր ներկայից: Դրա համար ուզում եմ ուղղակի ասել, որ այսօր մեր շենքը կառուցվում է, որ մենք այսօր ունենք յոթ պրեմիերա, ունենք նոր ամենամսյա ձևաչափ՝ ժամանակակից դրամատուրգիայի թատերայնացված ընթերցանություններ, ունենք հյուրախաղեր և փառատոներ: Կարծում եմ, որ այսպիսի ակտիվ վերելքի շրջանում չի կարելի․․․ հանցանք է»:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Սոս Սարգսյանի տիկինը՝ Նելլի Սարգսյանը: Նա չէր կարողանում զսպել հուզմունքն ու վրդովմունքը․ - «Սա անարգանք է նրա հիշատակին․․․ Այն, ինչ որ այս երկրին նվիրված մարդը արեց վերջին երեսուն տարիների ընթացքում, նշանակում է՝ այդ ամենը ոչնչացնել, ջնջել, խաչ քաշել այն գործունեության վրա, որը իրականացրել է Սոս Սարգսյանը այդ տարիների ընթացքում: Ես ուզում եմ նայել այն ղեկավարին, որը պետք է թատրոնը փակի ու հարցնել՝ եթե Սոս Սարգսյանը լիներ կենդանի, Դուք այդ քայլը կանեի՞ք, թե՞ ոչ»:

XS
SM
MD
LG