Մատչելիության հղումներ

Միրզոյան․ Ընտրական համակարգի կայացումը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մասն է


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ընտրական օրենսդրության բարեփոխումները և ընտրական համակարգի կայացումն ու համապատասխան ինստիտուտների զարգացումը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մասն են: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման (ՄԶԳ) գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին ու Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոնին և Իվ Գունենին, ովքեր ժամանել են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով` «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Լաքոտը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, ընդգծել է, որ Հայաստանում գտնվող տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ:

Գրիզերը հավաստիացրել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է իրականացվող համատեղ ծրագրերը շարունակելու և կյանքի կոչելու:

ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում առաջիկայում իրականացվելիք քայլերն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:

Զրուցակիցները կարևորել են Ազգային ժողովի և Հայաստանում գործող միջազգային կառույցների ակտիվ փոխգործակցությունը, փորձի փոխանակումը: Արարատ Միրզոյանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակել առավել ծավալուն համագործակցության կայացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG