Մատչելիության հղումներ

Երբ որ կապացուցվի, որ որևէ ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, ես հրաժարական կտամ. Արայիկ Հարությունյան


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում է հրաժարական տալ, եթե պարզվի, որ ուժային կառույցները ճնշումներ են գործադրում Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նկատմամբ:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստանում է հրաժարական տալ, եթե պարզվի, որ ուժային կառույցները ճնշումներ են գործադրում Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նկատմամբ: Խորհուրդը վաղը քննարկելու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը:

«Էն օրը, երբ որ կապացուցվի, ես էսօր էստեղ էլ եմ ասել, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է որևէ հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ», - ասաց Արայիկ Հարությունյանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը: Մամուլում հրապարակումներ եղան, թե բուհի կողմից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին: Արայիկ Հարությունյանը սա բացառում է: Օրեր առաջ նախարարն էլ էր հորդորել ռեկտորին հրաժարական տալ:

«Ես ոլորտի պատասխանատուն եմ, և ես իմ մտահոգությունների մասին կարող եմ և խոսել։ Որոշումները կայացնողները այն խորհուրդներն են, որոնք ձևավորվել են», - նշեց ԿԳ նախարարը։

Անցած շաբաթ ոստիկանությունը հայտնեց համալսարանում հայտնաբերված չարաշահումների մասին, իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարում է՝ քաղաքական հետապնդումների է ենթարկվում: Սիմոնյանի հետ գործընկերային հարաբերություններ են, ինքն է քաղաքականացնում իրավիճակը: Հակադարձում է կրթության ոլորտի պատասխանատուն:

«Ինքն է փորձում էս ամեն ինչը քաղաքականցնել՝ ներքաշելով նաև իր գործընկերներին պրոցեսի մեջ։ Ես ուղղակի իր գործընկերներին կոչ կանեմ էս սադրանքներին չտրվել։ Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին, իմ նշանակելվուց հետո, հավասար և արդար վերաբերմունք եմ ունեցել, ունեմ և այսուհետ էլ ունենալու եմ, և այսօր որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել։ Ես մեկնաբանություն տվել եմ սրա հետ կապված՝ մեր նախարարությունում ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են», - ընդգծեց Հարությունյանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ է վաղը մասնակցելու Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու քննարկմանը:

Վստահեցնում է՝ ճնշումների մասին տեղեկությունները հորինվածք են. «Ես բացառում եմ նման ճնշումները, ուղղակի։ Յուրաքանչյուր մարդ ազատ է իր որոշումները կայացնելու որևէ մեկի վրա որևէ ճնշում չկա։ Կարծում եմ՝ որոշակի շրջանակների կողմից հրապարակ է նետվում նմանատիպ մտայնություններ կամ կեղծ լուրեր՝ հակառակ էֆեկտը ստանալու համար», - ասաց Հովհաննիսյանը։

Այս օրերին Պետական համալսարանի մոտ Արամ Սիմոնյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անում, որոնց թվում մի քանի դասախոս էլ կա: Սիմոնյանն ու կողմնակիցները կարծում են, որ հրաժարականի պատճառն այն է, որ հոգաբարձուների նոր խորհուրդը իր ռեկտորի թկենածուն ունի:

«Նման մարդ գոյություն չունի այս պահին։ Ես խորհուրդ կտայի այդ նույն դասախոսներին՝ ժամանակին, երբ որ համալսարանում տեղի էին ունեում հալածանքներ դասախոսների նկատմամբ, տարատեսակ ուսանողների նկատմամբ, տվյալ մարդիկ իրենց տաքուկ անկյուններում նստած էին և որևէ ձայն չէին հանում և երբևէ չէին բարձրաձայնում կրթության որակի մասին, այն ինչ ես ինքս բազմաթիվ անգամ և մշտապես խոսել եմ կրթության որակի և համալսարանում կիրառվող մթնոլորտի մասին և ասել եմ դա նաև բուհական ղեկավարությանը», - նշեց Հովհաննիսյանը։

Մայր բուհում ստեղծված իրավիճակի և կրթության ոլորտի այլ հարցերի վերաբերյալ այսօր ԿԳ նախարարից պարզաբանումներ են պահանջել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները: Պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողներին նախարարը հայտնեց, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցն էլ է քննարկվել: Մինչև աշուն կվերանայվի, չափը դեռ հայտնի չէ:

«Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու հարցը, էս պահին թիվ չեմ ասի», - ընդգծեց Հարությունյանը։

Կրթության նախարարության օրակարգում այս տարիներին բազմիցս բարձրաձայնված մի հարց էլ է ընդգրկվել՝ դասագրքերում «Մարտի 1»-ի թեման: Տարիներ շարունակ մասնագետները ահազանգում են, որ 2008-ի մարտի 1-ի ոճրագործությունը դասագրքերում խեղաթյուրված է ներկայացված: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում է դասագրքերի «Մարտի 1»- յան էջերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG