Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Հրազդանի նախկին քաղաքապետը չի ընդունում իրեն վերագրվող կասկածները


Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյան
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյան

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Դանիելյանը չի ընդունում իրեն վերագրվող կասկածները:

Նախկին քաղաքապետը ձերբակալված է։ Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ են կատարվել: Չարաշահումների քանակի մասին քննչական մարմինը դեռ մանրամասներ չի հայտնում:

Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ խոսքը ավելի քան 100 միլիոն դրամի մասին է․ - «Սենց ա ձևակերպումը՝ հարյուր և ավել միլիոն հափշտակելու մեջ: Ու մենք ստեղ արդեն ունենք խնդիր․ յուրացնելո՞ւ, թե՞ վատնելու: Դրա պատասխանը դեռ մեզ մաքուր հայերենով չեն ներկայացրել: Իսկ քննիչների պաշտոնական վարկածը հետևյալն է, որ գույքահարկի, հողի հարկի գումարները հավաքագրվել են, բերվել են քաղաքապետարան, հարկային բաժնի պետի տեղակալը դրանք ծախսել է այլ նպատակների համար՝ Արամ Դանիելյանի ցուցումով: Այսինքն, դաժե իրանց գրածով Արամ Դանիելյանը բան չի յուրացրել․․․ Պարզապես էդ ձևակերպումը արդեն ասում ա, որ էս մարդը կապ չունի: Դրա համար ենք ասում՝ հստակեցրեք, որ կարողանանք պաշտպանվենք»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչու Դանիելյանը չի կանխել միլիոնների յուրացումը, փաստաբանն ասաց, որ առաջարկել են այս վարկածը քննության առարկա դարձնել․ - «Եթե իրա հետ քննարկեն, կարող ա ասի՝ այո, ես թերացել եմ: Դա բոլորովին այլ հոդված է: Դա կոչվում ա անփութություն․․․ կոչվում ա պաշտոնական դիրքի չարաշահում: Որովհետև եթե քաղաքապետը քեզ ասում ա՝ էն մուտքագրված փողը ես քեզ թույլ եմ տալիս, կամ ցուցում եմ տալիս ծախսենք, դիցուք, կանանց վրա, էդ եղավ լավագույն դեպքում պաշտոնեական դիրքի չարաշահում: Դու զինծառայող չես, որ քաղաքապետի ասածը արեցիր: Դանիելյանը ընդամենը իրոք ասում ա՝ որևէ կապ դրա հետ չունեմ: Բայց իմ մոտ կան հետևյալ մտահոգությունները․ չի կարող չորս տարի տևել էդ պրոցեսը, գումարը մտնի ու անհայտանա»:

Հրազդանի նախկին քաղաքապետի փաստաբանը կասկածներ ունի, որ այդ գումարը մուտք չի արվել քաղաքապետարանի բյուջե․ - «Եթե նույնիսկ նման բան էր տեղի ունենում, դա կարող էր առաջին տարվա ընթացքում լինել: Վարկածը ընդունեցի: Տարին որ պրծավ, ցանկացած աուդիտ, որն անցկացվել է, ու ցանկացած գլխավոր հաշվապահ առաջինը պիտի ահազանգեր, որ հարգելի քաղաքապետ, փող ա մեր մոտ պակասում: Ես ունեմ ուրիշ կասկած, որ էդ գումարը առհասարակ չի հավաքագրվել, որի պրակտիկան մեր բոլոր մարզերում գյուղապետարաններում ընդունված ա: Չի էլ եղել էդ 130 միլիոնը: Այսինքն, գյուղացուն տալիս են չեկ, որ դու ունեցել ես հազար դրամի գույքահարկի պարտք, առ քեզ չեկ, որ դու մուծել ես էդ հազար դրամը, բայց իրականում էդ հազար դրամը չի եղել, դա հին չարաշահման ձև ա, որի հետ համայնքի ղեկավարը երբեք կապ ունենալ չի կարող»:

Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ այսօր դատարանը մերժել է ազատ արձակել Դանիելյանին։

Երկու օրից Քննչական կոմիտեն կա՛մ պետք է ազատ արձակի Դանիելյանին, կա՛մ էլ մեադրանք ներկայացնի։

Արամ Դանիելյանը միակ ձերբակալվածը չէ: Փետրվարի 24-ին միլիոնների չարաշահումների կասկածանքով ձերբակալվել է նաև Հրազդանի համայնքապետարանի հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը՝ նշելով, որ գույքի և հողի հարկի հետ կապված չարաշահումներ է հայտնաբերել արտաքին աուդիտը, որը հրավիրել էր համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատարը։

Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է շուրջ 15 տարի: Նա քաղաքապետի պաշտոնից հեռացավ միայն հեղափոխությունից հետո: Իսկ մինչ այդ տևական ժամանակ մամուլի էջերում էր իր որդու աղմկահարույց վրաերթի պատմությամբ: 2017-ի հունիսին Արամ Դանիելյանի 16-ամյա որդին հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին, որը Հրազդանի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացավ։

Նախկին քաղաքապետի որդին գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել: Հետագայում քրեական գործը կարճվեց․ իրավապահներն ապացուցված համարեցին այն, որ անչափահաս վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել: Վրաերթից ամիսներ անց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահականում ոսկե մեդալով պարգևատրեց հանրապետական Դանիելյանի որդուն՝ բարձր առաջադիմության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG