Փետրվարի 14-ին Քաշմիրի՝ Հնդկաստանի հսկողության տակ գտնվող հատված Պակիստանի կողմից ներխուժած մահապարտը ռումբ պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է հնդկական ռազմական միավորման առնվազն 40 ծառայող:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է Jaish-e-Mohammed խմբավորումը:
Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու համար, Պակիստանն անմիջապես հերքել է մեղադրանքը:
Երեկ Հնդկաստանի օդուժը հարվածներ է հասցրել Քաշմիրի պակիստանյան հատվածում տեղակայված ռազմական կենտրոնին, որտեղ, ըստ հնդկական կողմի, տեղակայված էին Jaish-e-Mohammed-ի ահաբեկիչները:
Հնդիկները պնդում են, որ ոչնչացրել են մեծ թվով ահաբեկիչների, մինչդեռ Պակիստանը հայտարարում է, որ այդ գրոհը ձախողվել է, և մարդիկ չեն տուժել:
Այսօր տեղի են ունեցել նոր բախումներ: Կործանվել է Հնդկաստանի օդուժի առնվազն մեկ մարտական ինքնաթիռ: Իսկ Պակիստանը հայտարարում է, թե հակաօդային պաշտպանության հաշվարկը երկու հնդկական օդանավ է վայր գցել:
«Հնդկաստանի օդուժի երկու ինքնաթիռ հերթական անգամ ներխուժել են Պակիստանի հսկողության գոտի, հակաօդային պաշտպանության ջոկատը պատրաստ էր, երկու օդանավերն էլ ոչնչացվել են, մեկն ընկել է պակիստանյան տարաքծում, մյուսը՝ հնդկական», - ասել է Պակիստանի օդուժի խոսնակ, գեներալ-մայոր Ասիֆ Ղաֆուրը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռավեշ Կումարն ասել է, թե կործանված ՄԻԳ-21 տեսակի ինքնաթիռի օդաչուն այս պահին համարվում է անհետ կորած: Պակիստանցիները պնդում են, թե գերեվարել են նրան:
Պակիտանի վարչապետ Իմրան Խանն այսօր հանդես է եկել կարճ հեռուստաուղերձով, որով Հնդկաստանին կոչ է արել բանակցել և կասեցնել հետագա բախումները:
«Պատմությունը մեզ հուշում է, որ պատերազմների ժամանակ լինում են սխալ հաշվարկներ: Իմ համոզմամբ, եթե մենք նկատի առնենք մեր ունեցած զինատեսակները, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել սխալ հաշվարկ թույլ չտալու համար», - ասել է Պակիստանի վարչապետը՝ ակնարկելով երկու երկրներում էլ միջուկային զենքի առկայության հանգամանքը:
«Մենք պարտավոր ենք նստել բանակցությունների սեղանի շուրջը և քննարկել խնդիրները», - մայրաքաղաք Իսլամաբադում ասել Պակիստանի վարչապետը:
«Այսօր մենք գործողության ենք դիմել, ցանկացել ենք Հնդկաստանին ցույց տալ, որ եթե նրանք կարող եք մեր տարածք ներխուժել, մենք էլ կարող ենք նույնն անել: Դա էր նպատակը, երկու հնդկական օդանավ ոչնչացվել է, օդաչուները մեր հսկողության տակ են»,- ասել է Իմրան Խանը:
1947 թվականին Հնդկաստանի ենթամայրցամաքը բաժանվել է երկու մասի՝ ստեղծվել են անկախ Հնդկաստանը և Պակիստանը: Քաշմիրի տարածքն անմիջապես դարձել է կռվախնձոր:
Կողմերը երեք անգամ պատերազմել են, ընդ որում առաջինը սկսվել է հենց 1947-ին: Բացի այդ, ամեն տարի տեղի են ունենում բախումներ, զոհվում են թե՛ երկու երկրների զինծառայողները և թե՛ Քաշմիրի խաղաղ բնակիչները:
Փորձագետների համոզմամբ, երկու միջուկային պետությունների լայնածավալ պատերազմը կարող է կործանարար լինել և՛ տարածաշրջանի, և՛ ամբողջ աշխարհի համար: