Մատչելիության հղումներ

Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան


Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին «Սաադաբադ» թագավորական պալատում: 27-ը փետրվարի, 2019
Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին «Սաադաբադ» թագավորական պալատում: 27-ը փետրվարի, 2019

Թեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատում ողջունելով երկօրյա պաշտոնական այցով Իրան ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ըստ էության, ողջունել է հայաստանյան թավշյա հեղափոխությունը՝ նշելով․ - «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել»:

Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը փոխանցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ - «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխարհագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել»:

Փաշինյանի ու Ռոհանիի գլխավորությամբ տեղի ունեցած երկու երկրների պատվիրակությունների բանակցությունների ընթացքում արծարծվել են Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման և Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրերը, անհրաժեշտ է համարվել անել առավելագույնը երկկողմ առևտրի ծավալները մեծացնելու համար:

Հայաստանյան թավշյա հեղափոխությունից և վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Փաշինյանի առաջին այցն է Իրանի իսլամական հանրապետություն, որի հետ Հայաստանի առևտուրը անցած տարվա արդյունքներով հասավ ռեկորդային մակարդակի՝ 363,6 միլիոն դոլարի, ինչը 2017թվականի համեմատ ավելին է 40,5 տոկոսով և ամենաբարձր ցուցանիշն է 1991թվականից ի վեր:

Թեհրանում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Այցից առաջ Parstoday լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրանական այցի ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, և հույս է հայտնել, որ այցը արդյունավետ կլինի․ - «Գիտեք, որ Հայաստանն ու Իրանը արդեն իսկ բազմաթիվ ընթացիկ համատեղ նախագծեր ունեն, որոնց հետագա իրագործման վերաբերյալ անհրաժեշտ է հստակություն մտցնել կողմերի դիրքորոշումներում, և ես հույս ունեմ, որ երկարաժամկետ առումով այդ ծրագրերի վերաբերյալ մեր դիրքորոշումների համընկնումը մենք կարձանագրենք»:

Ըստ Փաշինյանի, Հայաստանն ու Իրանը համագործակցության շատ մեծ ներուժ ունեն հատկապես էներգետիկ ու զբոսաշրջության ոլորտներում․ - «Հիմա նոր հնարավորություններ են բացվում նաև: Խոսքը Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի մասին է, որը բնականոն ընթացքով վավերացվում է բոլոր երկրներում և Հայաստանում նույնպես վավերացման ընթացքի մեջ է: Եվ ակնհայտ է, որ մեր անմիջական հարևանությունը, մեր ավանդական հարաբերությունները, Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի ընձեռած հնարավորությունները, տարածաշրջանային համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները իսկապես ահռելի դաշտ են բացում մեր համագործակցության հետագա խորացման համար»:

Անցած տարի հոկտեմբերին՝ հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Ազատությանը» հետ զրույցում հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա, պատասխանեց․ - «Ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի»:

Վերադառնալով Հայաստանի վարչապետի իրանական այցին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայցելի նաև «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Իսկ վաղը Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG