Նիկոլ Փաշինյանի իրանական այցը «չափազանց կարևոր է, երևի թե այն պատճառով, որ առաջինն է թավշյա հեղափոխությունից հետո՝ Հայաստանի վարչապետն առաջին անգամ այցելելու է Իրան, և ընդհանրապես՝ ակնկալիքները պայմանավորված են նաև հայ-իրանական հարաբերության կարևորությամբ»: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վարչապետը տիկնոջ հետ երկօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնել այսօր: Նախատեսված են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, նախագահ Հասան Ռոհանիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեհրանից բացի, Հայաստանի վարչապետը կլինի նաև Սպահան քաղաքում:
«Իրանը Հայաստանի համար չափազանց կարևոր գործընկեր է՝ առաջին հերթին, ես կասեմ, անվտանգության և արցախյան գոտում թեկուզ հարաբերական խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ Թեհրանը այդ առումով առանցքային շահառուներից մեկն է կայունության և խաղաղության, և բացի դրանից նաև կարևոր գործընկեր տնտեսական հարաբերությունների իմաստով՝ էներգետիկ այլընտրանքի աղբյուր, և մի շարք այլ ուղղություններ, որոնք հայ-իրանական հարաբերությունը առանձնահատուկ են դարձնում», - ընդգծեց Բադալյանը՝ շարունակելով․ - «Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի Փաշինյանի այցը ունենա այդ հարաբերության առարկայական զարգացման դրսևորումներ, և ձեռք բերվեն նաև խորքային հեռանկարային պայմանավորվածություններ բոլոր ուղղություններով»:
Վերլուծաբանը նշեց էներգետիկ գործակցության հեռանկարը․ - «Սա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Իրանի Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկ աղբյուր է, բայց մենք ունենք գազամուղ, որը միայն ներքին նշանակության է և նույնիսկ այդ նշանակության տեսանկյունից գազամուղը ամբողջապես չի օգտագործվում և իր ամբողջ ներուժով չի օգտագործվում»:
«Բայց մենք պետք է նաև շատ հեռու նայենք ավելի և փորձենք Իրանի հետ խոսել, և ներգրավելով նաև այլ գործընկերներ՝ Վրաստան, ընդհուպ՝ Եվրամիություն և նույնիսկ Թուրքմենստան գուցե, խոսել տարանցիկ գազամուղի մասին, համենայն դեպս՝ բացել թեման և քննարկման գործընթաց սկսել՝ առնվազն հենց որպես գործընթաց ծավալելու տեսանկյունից: Սա շատ կարևոր է, և նաև շատ կարևոր է, որպեսզի առարկայական բնույթ ստանա Պարսից ծոցից Սև ծով այդ տրանսպորտային և ընդհանրապես ենթակառուցվածքային միջանցքի գաղափարը, որ պաշտոնական Թեհրանը Երևանին ներկայացրել է դեռևս նախորդ իշխանության շրջանում, բայց այս ուղղությամբ առարկայական շատ կոնկրետ զարգացումները առայժմ ուշանում են: Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ հայ-իրանական հարաբերությունը բացի երկկողմ մեծ նշանակությունից նաև շատ առարկայական բնույթ ստանա հնարավորին բազմակողմ ֆորմատներ ձևավորելու տեսանկյունից», - ասաց Հակոբ Բադալյանը:
«Ազատության» հարցին՝ «հաշվի առնելով ԱՄՆ - Իրան սրված հարաբերությունները, արդյո՞ք սա որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա», վերլուծաբանն արձագանքեց․ - «Հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում Իրանի հանդեպ, սա զուտ տեխնիկական իմաստով իսկապես կարող է բարդություններ առաջացնել, ինչպես բոլոր երկրների դեպքում, այսինքն՝ ինչպես բոլոր երկրների համար սա կարող է բարդություն առաջացնել Իրանի հետ տնտեսական, ֆինանսական և այլ հարաբերությունների մասով: Եթե խոսում ենք քաղաքական խնդիրների մասին, ապա կարծում եմ, չնայած Միացյալ Նահանգներ - Իրան քաղաքական հարաբերության էդ լարվածությանը, այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, իմ գնահատմամբ, մշտապես ըմբռնումով է մոտեցել Հայաստանի անհրաժեշտություններին իրանական ուղղությամբ աշխատանքի տեսանկյունից, և այս առումով քաղաքական խնդիրներ, կարծում եմ, Վաշինգտոնը չի առաջացնի Հայաստանի համար»: Բադալյանի կարծիքով, «տեխնիկական խնդիրներ իհարկե կլինեն՝ պատժամիջոցները հաշվի առնելով, բայց քաղաքական առումով Նահանգների ըմբռնումը եղել է միշտ և կշարունակի լինել»: