Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել


Իրանի հրաժարական ներկայացրած ԱԳ նախարար Մոհավադ Ջավադ Զարիֆը, արխիվ:

Նախագահի հստակ արձագանքը դեռ հայտնի չէ:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Instagram-ի իր էջում տեղադրած գրառմամբ ծանուցել է հրաժարական ներկայացնելու մասին:

«Շնորհակալ եմ Իրանի իմ սիրելի և խիզախ ժողովրդին և ղեկավարությանն անցած 67 ամիսների համար: Ես ամենայն անկեղծությամբ ձեր ներողամտությունն եմ հայցում ծառայությունս շարունակելու անկարողության և աշխատանքիս ընթացքում բացթողումների համար: Եղեք երջանիկ և արժանապատիվ», - գրել է հինգ ու կես տարի Իրանի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարած Զարիֆը:

Արևմտյան լրատվական գործակալությունները նշում են, որ 59-ամյա պաշտոնյան 2015 թվականին Իրանի և միջազգային գերտերությունների կնքած միջուկային պայմանագրի հիմնական հեղինակներից և նախաձեռնողներից մեկն էր և հենց նա է ստորագրել փաստաթուղթը:

Այդ պայմանագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային հետազոտություններն ու հրթիռային փորձարկումները, ինչի դիմաց միջազգային համայնքը պետք է աստիճանաբար թուլացներ տնտեսական պատժամիջոցները:

Իրանի և արտաքին աշխարհի առևտուրը, մասնավորապես, նավթի վաճառքը պետք է ակտիվանար: Դա թույլ կտար Իրանին բարելավել երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, գնել նոր տեխնոլոգիաներ:

Ի հայտ էր եկել նույնիսկ «թիվ մեկ թշնամի» Ամերիկայի հետ կապերն աստիճանաբար բարելավելու հնարավորություն:

Սակայն Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին իսկ օրերից պնդել է, որ Իրանի հետ գործարքն ամերիկյան և միջազգային դիվանագիտության կոպիտ սխալն է: Այն, ըստ Սպիտակ տան, ձեռնտու է միայն Իրանին, որը գործարքի շնորհիվ ստանում է փող և ժամանակ միջուկային ռումբ և նոր հրթիռներ ստեղծելու համար:

Անցյալ տարվա մայիսին Թրամփը հայտարարել է գործարքից դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու ու խստացնելու մասին:

Հարկ է նշել, որ Իրանում էլ ոչ բոլորն են ողջունել 2015-ի պայմանագիրը: Կարծր դիրքորոշման շրջանակների համոզմամբ, Իրանն անհարկի զիջումների է գնացել: Այդ քննադատությունն է՛լ ավելի է խստացել, երբ Թրամփը չեղարկել է պայմանագիրը: Այդ որոշումն անվերապահորեն ողջունել է Իսրայելի ղեկավարությունը:

Առավել հակաարևմտյան դիրքորոշման այաթոլաների համոզմամբ, Զարիֆն է պատասխանատվություն կրում ձախողման դատապարտված գործարքի համար:

Այդ շրջանակները միշտ անվստահություն են դրսևորել բավական հարուստ ընտանիքում ծնված և Ամերիկայում փայլուն կրթություն ստացած Զարիֆի նկատմամբ:

Միջուկային գործարքը կնքած մյուս կողմերը՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, նույնպես ունեն վերապահումներ, սակայն պայմանագրի պահպանման կողմանիցներ են:

Իրանի օրենքների համաձայն, Զարիֆի հրաժարականը պետք է վավերացնի նախագահ Հասան Ռոհանին: Այսօր նախագահը գովեստով է խոսել հայրենիքին Զարիֆի մատուցած ծառայության մասին:

«Ամերիկայի հետ պայքարում Զարիֆն առաջնագծում էր», - ասել է Ռոհանին, սակայն չի հստակեցրել, թե արդյոք ընդունում է հրաժարականը:

Իրանի օրենսդիրների մեծամասնությունն այսօր նախագահին դիմել է Զարիֆին գովաբանող նամակով, որով հորդորել է չընդունել նախարարի հրաժարականը: Ուղերձը ստորագրել են 290 պատգամավորներից 150-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Զարիֆի հրաժարականի մասին լուրին արձագանքել է Twitter-ում՝ գրելով, թե «կտեսնենք, թե արդյոք դա այդպես է»:

«Զարիֆը և Ռոհանին ընդամենն այդ կրոնական կոռումպացված մաֆիայի պարագլուխներն են», - գրել է Փոմփեոն:

«Զարիֆը հեռանում է: Լավ է, նրանից էլ ազատվեցինք»,- Twitter-ում գրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Միջազգային վերջին խոշոր միջոցառումը, որին ներկա էր Զարիֆը, Մյունխենի անվտանգության համաժողովն էր:

Այնտեղ նա, ի շարս այլ պաշտոնյաների, հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հայաստանը հետևողականորեն պահպանում է Իրանի հետ բնականոն և բարիդրացիական հարաբերություններ:

Վաղը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Իրան, որտեղ նախատեսված են հանդիպումներ այդ երկրի բարձր ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG