Մատչելիության հղումներ

«Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունն անցավ առանց սենսացիաների


Առանց սենսացիաների, եզակի դեպքերում՝ անակնկալ, գունեղ, հումորային, ու թերեևս ամենակարևորը՝ ավելի կարճ․ այսպես կարելի է թերևս բնորոշել երեկ կայացած «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:

Տասնամյակների մեջ առաջին անգամ այս տարվա միջոցառումը հանդիսավար չուներ, արդյունքում տևողությունը կրճատվել էր, դերասաններն ու կինոգործիչներն էլ հնարավորություն էին ստացել ավելի երկար փայլել կինոաշխարհի ամենահեղինակավոր այդ բեմում:

Մինչև գլխավոր անվանակարգերի հրապարակումը ամեն ինչ ընթանում էր ըստ կանխատեսումների՝ մրցանակների թվով առաջատարը դարձավ աշխարհահռչակ Queen-ի ու Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող բոհեմական ռապսոդիան. ժապավենը 4 ոսկե արձանիկ ստացավ, երեքը՝ տեխնիկական անվանակարգերում՝ լավագույն հնչյունավորման, լավագույն մոնտաժի ու հնչունային մոնտաժի համար: Ֆիլմի աստեղային պահը, սակայն, եկավ մի փոքր ավելի ուշ, երբ Մերկուրիի դերակատար Ռամի Մալեքը ճանաչվեց տարվա լավագույն դերասան: Մեծարելով աշխարհահռչակ արվեստագետին՝ Մալեքը չմոռացավ քաղաքական ուղերձների, հավասարության ու հանդուրժողականության մասին։

«Մենք ֆիլմ ենք ստեղծել միասեռական, ներգաղթյալ մի տղամարդու մասին, որն իր կյանքն ապրում էր առանց ափսոսանքի նշույլի, և փաստը, որ մենք հիմա հիշում ենք նրան ու նրա պատմությունը, ապացուցում է, որ մենք նման պատմությունների կարիքն ունենք: Ես ինքս սերում եմ Եգիպտոսից ներգաղթածների ընտանիքից, Ամերիկայում ծնված առաջին սերունդն եմ, որի պատմությունը հիմա է կերտվում, և ես չեմ կարող արտահայտել, թե որքան երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին ինձ հավատալու և այս հնարավորությունը տալու համար: Ես այս բերկրանքը ողջ կյանքում չեմ մոռանա», - նշեց Մալեքը:

Ի տարբերություն Մալեքի, լավագույն դերասանուհու ընտրությունը շատերին անակնկալի բերեց: Մրցակցությունը բավական թեժ էր՝ Լեդի Գագա, Գլեն Քլոուզ, Մելիսս Մաքքարտի: Լավագույններից լավագույնը, սակայն, այս անգամ ճանաչվեց բրիտանուհի Օլիվիա Քոլմանը՝ հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտը» ֆիլմում բրիտանիայի թագուհի Աննա Ստյուարտին մարմնավորելու համար: 45-ամյա դերասանուհին, որ առաջին անգամ էր Օսկարի արժանանում, հուզվեց, շնորհակալություն հայտնեց ու կատակեց՝ գիշերն անգամ, անկողնում արձանիկից չի բաժանվելու։

«Ցնցող է, ես «Օսկար» ստացա: Այս անվանակարգում առաջադրվել այսքան առանձնահատուկ, տաղանդավոր կանանց, Գլեն Քլոզի հետ, ուղղակի անհավատալի է», - ասաց Օլիվիա Քոլմանը:

Զարմանքի ալիքը ավելի ակնհայտ դարձավ րոպեներ անց, երբ «Կանաչ գիրքը» հաղթեց «Ռոմա»-ին լավագույն ֆիլմ անվանակարգում: Ֆիլմի հենքում հայտնի սևամորթ ջազ դաշնակահարի և ծագումով իտալացի նրա վարորդի ճամփորդությունն ու ընկերությունն է, որ զարգանում է անցած դարի 60-ականներին:

«Ես իսկապես անկեղծ չէի հավատում», - խոստովանեց ռեժիսորը՝ Փիթեր Ֆարելլին՝ հավելելով․ - «Այս ամբողջ պատմությունը սիրո մասին է, իրար սիրելու մասին՝ չնայած մեր տարբերություններին: Եվ ինքներս մեր մասին ճշմարտությունը գտնելու մասին: Բոլորս էլ նույն մարդիկ ենք»:

Լավագույն ֆիլմ անվանակարգից բացի, «Կանաչ գիրքը» մրցանակի արժանացավ նաև լավագույն օրիգինալ սցենար, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում:

Նույնքան՝ երեք մրցանակ ստացավ մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի երկուսուկես ժամանոց, սև-սպիտակ «Ռոման»: Մեխիկոյի սովորական ընտանիքներից մեկի ու այդ ընտանիքում անտրտունջ աշխատող աղախնի մասին ֆիլմը, ըստ քննադատների, ավելի քան արդիական է հիմա՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին ԱՄՆ նախագահի վիճահարույց հայտարարությունների ֆոնին:

Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած ռեժիսորը խոստովանեց, որ ֆիլմը ստեղծելիս իր մանկությունն է հիշել. - «Ուզում եմ շնորհակալություն հայտնել կինոակադեմիային, որը գնահատել է տեղում ծնված և առանց աշխատանքային իրավունքների աշխատող այս կնոջ պատմությունը: Նա միակը չէ, աշխարհում նրա նման 70 միլիոն աշխատող կա: Որպես արվեստագետներ մեր խնդիրն է տեսնել այն, ինչ վրիպում է այլոց ուշադրությունից: Եվ այս պարտականությունը առավել կարևոր է դառնում այն ժամանակ, երբ ոմանք փորձում են մեր հայացքը այլ կողմ շեղել»:

Ֆիլմերի լավագույն երաժշտության անվանակարգում, ինչպես և ակնկալվում էր, հաղթող ճանաչվեց Լեդի Գագայի Shallow ստեղծագործությունը՝ աստղը ծնվեց ժապավենից: Բազմաթիվ երաժշտական մրցանակներից հետո առաջին անգամ «Օսկար»-ի արժանացած երգչուհին հորդորեց․ - «Եբեք չդադարեք երազել ու պայքարել ձեր երազանքի իրականացման համար»:

«Եթե հիմա տանն եք, նստած ձեր բազմոցին և նայում եք այս շոուն, մի բան կարող եմ ասել՝ սա բարդ աշխատանք էր, ես շատ ջանք եմ թափել սրան հասնելու համար: Խոսքը լոկ հաղթանակի մասին չէ, խոսքը պայքարը չդադարեցնելու մասին է: Եթե երազանք ունեք, պայքարեք դրա համար: Կարևոր չէ, թե քանի անգամ եք մերժվում, քանի անգամ եք ընկնում կամ կոտրվում, կարևորն այն է, թե քանի անգամ եք ոտքի կանգնում, և որքանով եք խիզախ՝ առաջ շարժվելու համար։ Շնորհակալ եմ», - ասաց Լեդի Գագան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG